Թրամփը փոխնախագահ Փենսի հետ տարաձայնությունների ֆոնին նրա աշխատակազմի ղեկավարին արգելել է Սպիտակ տուն մտնել․ NBC
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը փոխնախագահ Մայք Փենսի աշխատակազմի ղեկավար Մարկ Շորթին արգելել է Սպիտակ տուն մտնել, հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ նշելով, որ Թրամփը Փենսին մեղադրում է պետության ղեկավարի ընտրությունների արդյունքների հաստատմանը չմիջամտելու համար։
Այժմ ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունենում երկու պալատների նիստը, որտեղ պետք է վերջնականապես հաստատվեն քվեարկության արդյունքները։ Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ նիստը նախագահում է փոխնախագահ Փենսը։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նիստից առաջ նա Թրամփի ճնշման ֆոնին նամակ է հղել օրենսդիրներին, որում ընդգծել է, որ լիազորություն չունի վիճարկելու ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները: Ըստ նրա՝ պետության նոր ղեկավար պետք է դառնա դեմոկրատ Ջո Բայդենը։
NBC-ի աղբյուրների տեղեկություններով՝ Թրամփն այդ կապակցությամբ փակել է Սպիտակ տուն ԱՄՆ-ի փոխնախագահի աշխատակազմի ղեկավար Մարկ Շորթի մուտքը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Շորթը, մասնավորապես, Փենսին խորհրդատվություն է տվել ընտրությունների արդյունքների հաստատմանն առնչվող հարցերի շուրջ:
ԱՄՆ գործող նախագահը հայտարարել է, որ Փենսը «քաջություն չի ունեցել անել այն, ինչ պետք է անել երկրի Սահմանադրությունը պաշտպանելու համար»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր: Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել:
Վաշինգտոնի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտիի խոսքով՝ բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել։
«Ոստիկանության աշխատակիցը ծառայողական զենքից կրակել է կնոջ վրա։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Կապիտոլիումի մոտ ևս երեք մահվան դեպքերի մասին»,- ասել էր Կոնտին: