«Այս բռնությունը նախագահի՝ մշտապես տարաձայնություններ բորբոքելու հակվածության անխուսափելի արդյունքն էր»․ հանրապետականները Կապիտոլիումի վրա գրոհումից հետո մեղադրել են Թրամփին
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի վրա գրոհումից հետո հանրապետական օրենսդիրները իրենց հիասթափությունն ու վրդովմունքն են հայտնել, հաղորդում է The Hill-ը։
Հանրապետական կուսակցության օրենսդիրները, որոնցից շատերը Թրամփի հետ սերտորեն համագործակցել են վերջինիս իշխանության գալուց հետո, դատապարտել են նրա սադրիչ հռետորաբանությունը։
«Այսօր մենք ականատես եղանք այն վնասին, որը կարող է հասցվել, երբ իշխանություն և պատասխանատվություն ունեցող մարդիկ հրաժարվում են ընդունել ճշմարտությունը։ Մենք արյունահեղություն տեսանք, որովհետև դեմագոգը որոշեց սուտ տարածել և անվստահություն սերմանել իր ամերիկացի հայրենակիցների հանդեպ։ Եկեք զերծ մնանք նման խաբեության հրահրումից»,- ասել է հանրապետական սենատոր Փաթ Թումին։
Հարցին, թե արդյոք Թրամփի հռետորաբանությո՞ւնն է Կապիտոլիումի վրա հարձակման դրդել, սենատոր Մայք Ռաունդսը հայտարարել է, որ չի տեսել նախագահի բոլոր մեկնաբանությունները, բայց «դրանք, իհարկե, չեն մեղմել իրավիճակը»։
«Համենայն դեպս, նա շատ զգացմունքային իրավիճակում մարդկանց շատ անտեղի գործողությունների կոչ է արել»,-ասել է Ռաունդսը:
Սենատոր Լինդսի Գրեմը, որը սերտորեն համագործակցել է Թրամփի հետ, իր բոցաշունչ ելույթում հայտարարել է, որ նա մինչ այս փորձել է աջակցել նախագահին, բայց «արդեն բավ է»։
«Ատելի է տեսնել՝ ինչ է կատարվում։ Ես կարող եմ ասել, որ ինձ վրա այլևս կարող է հույս չդնել։ Բավ է, բավ։ Մենք պետք է վերջ տանք այս ամենին»,- հայտարարել է նա։
Հանրապետական սենատոր Քևին Կրամերն, իր հերթին, հայտարարել է, որ Թրամփը «որոշակի պատասխանատվություն է կրում» Կապիտոլիումում տեղի ունեցած բռնության համար։
«Ես պետք է խոստովանեմ, որ այսօր դժվարությամբ էի հետևում նրա ելույթին։ Ես նկատի ունեմ, առաջին հերթին, նրա վերաբերմունքը Մայք Փենսին․ Մայքի նկատմամբ նրա վերաբերմունքն արդարացված չէ, սխալ է և իսկապես ցավալի»,- ասել է Կրամերը։
Սենատոր Բեն Սասսեն նույնպես ուղղակիորեն մեղադրել է Թրամփին`հայտարարելով, որ վերջինս թաքնվում է «համակարգչի ստեղնաշարի հետևում»։
«Սուտը հետևանքներ ունի։ Այդ բռնությունը նախագահի՝ մշտապես տարաձայնություններ բորբոքելու հակվածության անխուսափելի ու տգեղ արդյունքն էր»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր: Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել:
Վաշինգտոնի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտիի խոսքով՝ բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել։
«Ոստիկանության աշխատակիցը ծառայողական զենքից կրակել է կնոջ վրա։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Կապիտոլիումի մոտ ևս երեք մահվան դեպքերի մասին»,- ասել էր Կոնտին: