Թեհրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե Բայդենն ամբողջությամբ կատարի դրանով ստանձնած իր պարտավորությունները. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրն առանց վարանելու կվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը որոշի կատարել իր պարտավորությունները, հաղորդում է Iran Press-ը։
Երկրի կառավարության ամենշաբաթյա նիստում Ռոհանին հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին, կառավարությունը կարողացել է երկիրն արդյունավետորեն կառավարել։
«Չնայած պատժամիջոցներին, պատերազմին և COVID-ի բռնկմանը, մենք տնտեսական աճ ենք նկատում»,- ասել է նա։
Ռոհանին նաև նշել է, որ «եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմն ապաշխարի, հետևի օրենքի գերակայությանը և կատարի իր պարտավորությունները, Իրանը նույնպես կկատարի իր պարտավորությունները, իսկ եթե ոչ, ապա Իրանը չի խոնարհվի»։
Ավելի վաղ Բայդենը New York Times թերթին տված հարցազրույցում հաստատել էր ԱՄՆ-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձևաչափ վերադարձնելու և այդ հարցի շուրջ Թեհրանի հետ հետագա բանակցություններ վարելու մտադրության մասին։
2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձեռքբերման մասին:
2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է դրանից միակողմանի դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:
Իրանը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մի շարք կետերի կատարման դադարեցման մասին։