Բուշը Կապիտոլիումի գրոհը համեմատել է բանանային հանրապետությունում անկարգությունների հետ
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Կոնգրեսում տեղի ունեցած իրադարձությունները խռովություն է անվանել և հայտարարել, որ այդպես ընտրությունները վիճարկում են բանանային հանրապետությունում, ոչ թե ժողովրդավարական ԱՄՆ–ում, հայտնում է РИА Новости–ն։
«Լորան (Բուշ) և ես տագնապով ենք հետևում անկարգություններին. սարսափելի տեսարան է, որը խոր տարակուսանք է առաջացնում։ Այդպես ընտրությունների արդյունքները վիճարկում են բանանային հանրապետությունում, ոչ թե մեր ժողովրդավարական հանրապետությունում»,– ասվում է Բուշի հայտարարությունում։
Նա իր վրդովմունքն է հայտնել «որոշ քաղաքական լիդերների անպատասխանատու պահվածքի առնչությամբ, որոնք ընտրությունների անցկացումից ի վեր բավարար չափով հարգանք չեն ցուցաբերել մեր ինստիտուտների, ավանդույթների և իրավապահ մարմինների նկատմամբ»։
«Կապիտոլիումը գրոհել և Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը խաթարել են մարդիկ, որոնց կրքերը բորբոքել են ստով և կեղծ հույսերով»,– ասվում է Բուշի հայտարարությունում, որում ուղղակիորեն չի մատնանշվում գործող նախագահ Դոնալդ Թրամփի անձը։
Բուշը նաև նշում է, որ «խռովությունը լուրջ վնաս կարող է հասցնել մեր երկրին և դրա հեղինակությանը»։ «Մեր երկիրն ավելի կարևէր է, քան քաղաքականությունն այսօր»,– ասել է Բուշը՝ դիմելով նրանց, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ։