ԵՄ-ի տարածքում թույլատրվել է Նուբար Աֆեյանի «Moderna» ընկերության պատվաստանյութի օգտագործումը. CNBC
Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) թույլատրել է Եվրոպական Միության տարածքում հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը, հաղորդում է CNBC-ն։
«Սա երկրորդ պատվաստանյութն է, որը հաստատվել է EMA-ի կողմից»,- ասվում է փաստաթղթում, որտեղ նշվում է, որ պատվաստանյութը խորհուրդ է տրվում օգտագործել 18-ից բարձր տարիքի անձանց։
Դեղերի եվրոպական գործակալության գործադիր տնօրեն Էմեր Քուկի խոսքով՝ «ընթացիկ արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար պատվաստանյութը ևս մեկ գործիք է հանդիսանում»։
Նա նաև նշել է, որ գործակալությունը կշարունակի հետևել ԵՄ-ի բնակիչների անվտանգության և պատվաստանյութի արդյունավետության մասին տվյալներին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման վարչությունը հավանության էր արժանացրել Modernа ընկերության պատվաստանյութը, որը երկրորդն է կիրառման թույլտվություն ստացածների շարքում: Ամերիկյան վերահսկիչ մարմինը հաստատել էր նաև ամերիկյան Pfizer Inc և գերամանկան BioNTech SE ընկերությունների համատեղ արտադրանքը:
ԱՄՆ-ում Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը մեկնարկել էր նախորդ ամսին։