Մալխաս Ամոյան. 2020-ը դժոխային էր, հաղթանակները՝ 2021-ի հրամայական
2018թ. աշխարհի ու 2019թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, 21-ամյա Մալխաս Ամոյանը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի «նոր սերնդի» ներկայացուցիչ է: Չնայած մրցաշրջան-2020-ում Ամոյանը չկարողացավ մրցագորգում լիարժեք դրսեւորել իր հնարավորությունները, բայց առանց մեդալ չմնաց: Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում երիտասարդ ըմբիշը 1:1 հաշվով ոսկե մեդալը զիջեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն հունգարացի Բալինտ Կորպաշիին եւ նվաճեց արծաթե մեդալ:
NEWS.am Sport-ի համար աշխարհի անհատական գավաթի արծաթե մեդալակիրն ամփոփել է մրցաշրջան-2020-ը, խոսել անհաջող տարվա, կորոնավիրուսի, պատերազմի հետեւանքների եւ 2021 թվականի ծրագրերի մասին:
Մրցաշրջան-2020...
Տարին ամենավատն էր, ամենատխուրն ու անկանխատեսելին, մեկ բառով ասած՝ դժոխային: Սկզբում կորոնավիրուսը ստիպեց մարզումային պրոցեսները դադարեցնենք, դուրս գանք մարզադահլիճներից, անհատական տնային եւ դրսի մարզումներով բավարարվենք: Հետո, երբ արդեն աստիճանաբար վերադառնում էինք մարզադահլիճ, սկսվեց պատերազմն ու ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ:
Մարզական առումով նույնպես անհաջող տարի էր: Մեկ տարի հետ ընկանք: Ըմբիշներս գոնե հնարավորություն ունեցանք երկու խոշոր մրցաշար անցկացնել՝ Եվրոպայի առաջնություն եւ աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը, որը փոխարինում էր աշխարհի առաջնությանը:
Եվրոպայի առաջնությունում անհաջող մասնակցություն ունեցա, մեդալ չկարողացա նվաճել: Աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալակիր դարձա: Գոհ եմ, որ գոնե տարին մեդալով փակեցի, բայց արծաթե մեդալն ինձ չի բավարարում: Առհասարակ, այս տարվա իմ աշխատանքից այդքան էլ գոհ չեմ: Կարող էի ավելի հաջող տարի անցկացնել, ավելի շատ ու բարձր մեդալներ նվաճել:
Երբեք չէի պատկերացնի, որ իմ կյանքի ինչ-որ մի փուլում կապրեմ համավարակի պայմաններում: Կորոնավիրուսն իր բացասական ազդեցությունը թողեց բոլորիս վրա, բայց սովորեցրեց գնահատել կյանքը, մեզ շրջապատող մարդկանց:
Պատերազմ...
Պատերազմում նահատակված յուրաքանչյուր զինվոր, կամավորական մեր եղբայրներն են: Այս պատերազմի օրերին հասկացա, որ ես ունեմ մի բանակ եղբայր, հարազատ: Յուրաքանչյուրի կորուստն ինձ համար ծանր էր, որովհետեւ՝ կորցնում էի իմ եղբայրներին: Էլ չեմ ուզում ասել, թե որքան վատ բան է պատերազմը, բայց այն համախմբեց բոլորիս: Ինձ կրկնակի ուժեղացրեց՝ այդքան ցավ տալով: Մեր զինվորների կամքը, ուժը, մինչեւ վերջ, մինչեւ մահ կռվելն ու չհանձվելն ինձ մեծ պատասխանատվություն տվեց մրցագորգում լինել ավելի ուժեղ, վստահ ու հաղթող: Շնորհակալ եմ յուրաքանչյուր զինվորին, պատերազմի մասնակցին մեր հայրենիքի պաշտպանության համար:
Պատերազմն ինձ սովորեցրեց լինել ավելի սառնասիրտ, չթերագնահատել դիմացինի ուժերը: Նույն կերպ պետք է լինել նաեւ գորգում՝ երբեք չթերագնահատել մրցակցին եւ լինել հոգեպես ավելի ուժեղ:
Ուզում եմ, որ հայ զինվորն ամենագնահատված մարդը լինի Հայաստանում: Կարծում եմ, այժմ դրա պակասը կա, պատերազմն ավարտվեց ու զինվորի նկատմամբ ուշադրությունը փոքր-ինչ նվազեց: Ուզում եմ, որ երբեք այդ ուշադրությունը չպակասի: Մեր կյանքով պարտական ենք նրանց ու նրանց համար պետք է բարձր պահենք մեր երկրի պատիվը բոլոր ասպարեզներում՝ ինչպես սպորտում, այնպես էլ սպորտից դուրս:
2021 թվական...
Նոր տարին մաքուր էջից սկսելու նոր հնարավորություն է: Ժամանակն է, որ յուրաքանչյուրս մեր հնարավորություններով ուժեղացնենք մեր երկիրը, հզորացնենք բանակը:
Մարզական առումով տարին օլիմպիական է, բայց ոչ ինձ համար, քանի որ ես ոչ օլիմպիական քաշում եմ: Դեռեւս չեմ որոշել՝ որ օլիմպիական քաշում հանդես կգամ հետագայում, բայց այս Օլիմպիական խաղերը բաց կթողնեմ:
Տարին սկսելու ենք ուսումնամարզական հավաքով, որից հետո կմասնակցենք միջազգային մրցաշարի: Թե որ մրցաշարերին կմասնակցեմ ես, կասեն հավաքականի մարզիչները: Այս տարվա նպատակները բոլորիս մոտ միայն հաղթանակներն են:
2021-ի հրամայականը հաղթանակներն են: Հաղթելու գերնպատակով ենք մեկնելու յուրաքանչուր մրցաշարի: Այս հաղթանակները մեզ պետք են: Փոքր հաղթանակներով մենք նորից կուժեղացնենք մեզ, մեր հայրենիքը: