Թրամփը հայտարարել է, որ Մայք Փենսը կարող է փոխել նախագահական ընտրությունների արդյունքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է New York Times-ի հոդվածին, որում ասվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը չի կարող փոխել նախագահական ընտրությունների արդյունքները:
Նրա խոսքով՝ դա ֆեյք նորություն է, եւ փոխնախագահը լիազորություններ ունի նման կերպ գործելու համար:
«Նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունները կոռումպացված են եղել որոշ նահանգներում եւ չեն համապատասխանել ԱՄՆ Սահմանադրությանն այն առումով, որ խոշորամասշտաբ փոփոխություններ են մտցրել ընտրությունների մասին կանոններում եւ դրույթներում, որոնք թելադրվել են դատավորների եւ քաղաքական գործիչների, այլ ոչ թե նահանգների օրենսդիրների կողմից: Դա նշանակում է, որ ընտրություններն անօրինական են եղել:
Մեր փոխնախագահն ունի լիազորություններ՝ համապատասխան ԱՄՆ Սահմանադրության: Նա կարող է չեղարկել ընտրությունների արդյունքների սերտիֆիկացիան կամ դրանք հետ ուղարկել նահանգներ դրանց փոփոխության եւ սերտիֆիկացման համար: Նա նաեւ կարող է չեղարկել անօրինական եւ կոռումպացված արդյունքների սերտիֆիկացիան եւ դրանք ուղարկել Ներկայացուցիչների պալատ՝ մեկ նահանգից մեկ ձայնի հաշվարկով»,-ասվում Թրամփի նախընտրական շտաբի հրապարակած հայտարարության մեջ: