Ասանժը, Մենինգը և Սնոուդենը Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը այդ մրցանակի համար առաջադրելէ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ԱՄՆ նախկին ռազմական վերլուծաբան և WikiLeaks-ի տեղեկատու Չելսի Մենինգին, ինչպես նաև ԿՀՎ-ի և NSA-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Կորիգանի նամակին՝ ուղղված Նոբելյան կոմիտեին:
Կորիգանը հիշեցրել է, որ երեքն էլ անհատապես առաջադրվել էին Նոբելյան մրցանակի, բայց նրանցից ոչ ոք այն դեռ չի ստացել:
«Պատճառները, թե ինչու եմ ես նրանց միասին առաջադրում, պարզ են. անհատապես նրանք ցուցադրել են համարձակության անթիվ օրինակներ՝ բացահայտելով իշխանությունների անօրինական գործողությունները …», – գրել է դափնեկիրը:
Ըստ նրա՝ Ասանժի, Մենինգի և Սնոուդենի կյանքերը միասին, նրանց անձնազոհությունն ու անձնուրացությունը ցույց են տալիս մարդկային ոգու մեծությունը: