Ռուսաստանը խոցված Մի-24-ի գործով Ադրբեջանից իրավական օգնություն է խնդրել
Ռուս ռազմական քննիչները ադրբեջանցի գործընկերներից օգնություն են խնդրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման փաստով քրեական գործի քննության շրջանակում: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Այս գործի քննության ժամանակ մի շարք քննչական գործողություններ անցկացնելու անհրաժեշտություն է ծագել, մասնավորապես՝ մի շարք կասկածյալների ինքնությունը, ինչպես նաեւ տեղի ունեցածի որոշ հանգամանքները հստակեցնելու առումով: Այս կապակցությամբ Ադրբեջան հարցում է ուղարկվել միջազգային-իրավական օգնության ցուցաբերման մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա ասել է, որ միայն համապատասխան նյութերը ստանալուց հետո կորոշվի ռուս ռազմական օդաչուների սպանության մեղադրանք առաջադրելու մասին հարցը:
«Քանի որ խոսքը օտարերկրյա քաղաքացիների մասին է, որոնց չեն կարող հանձնել, ռուսական կողմն, ամենայն հավանականությամբ, քննության նյութերը կուղարկի Բաքու՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- պարզաբանել է աղբյուրը:
Նա հայտնել է, որ ներկայումս Ռուսաստանի ՔԿ ռազմական քննիչները քրեական գործը քննում են ՌԴ ՔՕ «Երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանությունը» հոդվածով, որով նախատեսվում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:
«Առաջիկայում քննության ժամկետը երկարացվելու է եւս 2 ամսով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Մի-24 հարվածային ուղղաթիռը խփվել էր անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Հայաստանի օդային տարածքում, ռազմական գործողությունների գոտուց դուրս, ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուս երկու զինծառայողները զոհվել էին, եւս մեկը վիրավոր էր:
Պատահարը տեղի էր ունեցել տեղական ժամանակով մոտ 18:30-ին (Մոսկվայի ժամանակով 17:30-ին): Ուղղաթիռը Հայաստանի տարածքում ուղեկցում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի շարասյանը՝ Նախիջեւանին սահմանակից Երասխ բնակավայրի մերձակայքի օդային տարածքից:
Նույն օրը՝ նոյեմբերի 9-ի երեկոյան ստորագրվել է ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին:
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել էին, որ ադրբեջանցի զինվորականները Հայաստանի տարածքի երկնքում Մի-24-ը պատահաբար են խփել: «Ադրբեջանական կողմը ռուսական կողմից ներողություն է խնդրում այդ ողբերգական պատահարի պատճառով, որը պատահականության բնույթ է կրում եւ ուղղված չէ ռուսական կողմի դեմ»,- նշել էին Ադրբեջանի ԱԳՆ-ից: Ադրբեջանական կողմը հայտարարել էր համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին: