Instagram-ը կազմել է 2020 թվականի ամենից շատ հավանումներ ստացած լուսանկարների ցանկը
«Ինստագրամ» սոցցանցի վերլուծաբանները կազմել են 2020 թվականի ամենից շատ տարածված գրառումների ցանկը: Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, գրառումների ընտրության համար չափանիշ է դարձել «լայքերի» քանակությունը:
Առաջատար դիրքը՝ 19,7 մլն «լայքով» գրավել է թուրինյան «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գրառումը ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնայի մահվան մասին՝ կից հրապարակված համատեղ լուսանկարով:
Երկրորդը դարձել է ամերիկացի դերասան Չեդվիկ Բոուզմանի լուսանկարը, որին կից գրառմամբ հաղորդվում էր 43-ամյա դերասանի մահվան լուրը: Գրառումը 19,1 մլն հավանում էր ստացել:
Հաջորդը դարձյալ Մարադոնայի հետ լուսանկարն ու կից գրառումն է, որի հեղինակն է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի կիսապաշտպան Լեո Մեսսին: Նրա գրառումը ստացել էր 16,3 «լայք»:
Չորրորդը Քայլի Ջեների գրառումն էր, նա հրապարակել էր նախկին ընկերոջ՝ ռեփեր Թրևիս Սքոթի և իրենց դստեր՝ Սթորմիի լուսանկարը, որը 15,9 մլն օգտատեր էր հավանել:
Հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի գրառումը, որին կից լուսանկար էր հրապարակել 2020թ.-ին կյանքից հեռացած լեգենդար մարզիկ Կոբի Բրայանտի հետ: Գրառումն արժանացել էր 15,4 «լայքի»:
Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև երգչուհի Արիանա Գրանդեի, Քայլի Ջեների, Կրիշտիանու Ռոնալդուի այլ գրառումներ: