Թրամփը կստանա իր պատիժը գեներալ Սոլեյմանիի սպանության համար. Իրանի դատական իշխանության ղեկավար
Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Իբրայիմ Ռաիսին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին հիշեցրել է, որ վերջինս չի կարող խուսափել պատժից ԻՀՊԿ հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը պատվիրելու համար:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին Ռաիսին հայտարարել է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ շեշտելով, ոչ Թրամփն իր պատիժը կստանա՝ անկախ այն հանգամանքից կլինի ԱՄՆ նախագահի պաշտոնում, թե ոչ:
«Թրամփը հանցագործություն է գործել՝ սպանելով գեներալ Սոլեյմանիին և բացեիբաց ընդունել է, որ ինքն է տվել ավիահարվածի հրամանը»,- ասել է Ռաիսին՝ հավելելով, որ սպանության կազմակերպմանը ներգրավված բոլոր անձինք հայտնաբերվել են:
Գեներալի սպանությունը վերջինս գնահատել է որպես պետականորեն հովանավորվող ահաբեկչություն, որն իրականացվել է երրորդ երկրում, ուր որպես հյուր այցելել էր իրանցի հրամանատարը:
Անցյալ շաբաթ իրանցի դատավորը հայտնել էր, որ գեներալ Սոլեյմանիի սպանությանը ներգրավված ամերիկացիների ցանկն ընդլայնվել է՝ ներառելով 48 մարդու:
Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածի ժամանակ: