ԱՄՆ-ն իր Nimitz ավիակիր նավը դուրս չի բերում Մերձավոր Արևելքից՝ Իրանից հնչող սպառնալիքների ֆոնին
Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող Nimitz ատոմային ավիակիրը, որն ապահովում էր ԱՄՆ զինծառայողների դուրսբերման անվտանգությունը Սոմալիից, կմնա Մերձավոր Արևելքում՝ Թեհրանից Վաշինգտոնի հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերի հայտարարության մեջ:
«Պայմանավորված վերջին սպառնալիքներով, որոնք Իրանի ղեկավարությունը հասցեագրել է ԱՄՆ նախագահ Թրամփին և կառավարության այլ անդամներին, հրամայել եմ կասեցնել Nimitz ավիակրի նախատեսված վերատեղակայումը: Այն այժմ մարտական հերթապահության է մնում Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում (ներառում է Մերձավոր Արևելքը)»,- ասել է Միլլերը:
«Ոչ ոք չպետք է կասկածի Միացյալ Նահանգների վճռականությանը»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան:
Անցյալ շաբաթ Միլլերը հրաման էր արձակել, որ ավիակիրը վերադառնա ԱՄՆ ռազմաբազա: Մինչ այդ այն ընդգրկվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում, որոնք տեղակայված էին Սոմալիի ափերին: Դրա խնդիրն էր ապահովել աֆրիկյան երկրից ամերիկացի զինծառայողների դուրսբերման անվտանգությունը:
Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը Թրամփին համարում է «թիվ մեկ մեղադրյալ» գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործում:
Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածի ժամանակ: