Ahval. 2020 թվականը Թուրքիայի համար բազմաթիվ պարտությունների տարի էր
Այս անցած տարին Թուրքիայի համար եղավ գրեթե բոլոր ոլորտներում պարտությունների եւ նահանջի տարի, նշում է Ahval պարբերականի համար գրած «2020 թվականը Թուրքիայի համար բազմաթիվ պարտությունների տարի էր» հոդվածի հեղինակ Հալուք Օզգալդան:
«Երկիրը վերածվել է Երկրագնդի վրա ամենասեւ վայրերից մեկին՝ իրավունքների եւ խոսքի ազատության գերակայության տեսակետից: Արդյունքում նրա տնտեսությանը ծառայող աղքատությունը ձեռք է բերել անզուսպ եւ գրեթե մշտական բնույթ: Նրա միջազգային հարաբերությունները վերածվել են մռայլ մեկուսացման: Սա հոռետեսության սուբյեկտիվ արտահայտություն չէ. ամեն ինչ հիմնված է փաստերի վրա»,- նշում է հոդվածի հեղինակը:
Օզգալդան նշում է, որ 2020 թվականին Արդարության համաշխարհային նախագծի (World Justice Project) կազմած օրենքի գերակայության վարկանիշում Թուրքիան 128 երկրների շարքում զբաղեցրել է 107-րդ տեղը:
Ընդ որում՝ նույն զեկույցում քաղաքացիական եւ քրեական դատարանների համակարգերի անկախությամբ երկիրը զբաղեցրել է 128-ից 124-րդ տեղը:
Դրանից բացի, 2020 թվականին մամուլի ազատության վարկանիշում Թուրքիան հայտնվել է 180-ից 154-րդ տեղում:
«2020 թվականին թուրքական տնտեսության ամենազարմանալի առանձնահատկությունն այն էր, որ երկիրը ընկղմվել է մշտական աղքատացման շրջափուլի մեջ:
Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն եւ եկամուտը վերջին 7 տարում շարունակել են նվազել՝ 2020 թվականին ունենալով կտրուկ անկում: 2013-2020 թվականների ժամանակահատվածում գրանցվել է ՀՆԱ-ի մեկ երրորդի կորուստ՝ 960 մլրդ դոլարից նվազելով մինչեւ 650 մլրդ դոլարի: Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը նույն ժամանակահատվածում 12 500 դոլարից նվազել է մինչեւ 7 800 դոլար:
Աճող ինֆլյացիան հաշվի առնելով՝ մեր բարեկեցությունը վերջին 7 տարում, 1960 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է ավելի քան 40 տոկոսով: Ես Համաշխարհային բանկի տվյալների բազայում չկարողացա գտնել մեկ ուրիշ երկիր, որը նույն ժամանակահատվածում նման անկում է ունեցել»,- շեշտում է հոդվածի հեղինակը:
Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին, ապա Անկարան բախվել է նախկինում չտեսնված ծանր մեկուսացման, նշվում է հոդվածում:
Հեղինակի խոսքով՝ երկրի իշխող կուսակցությունը ներգրավվում է ցանկացած հակամարտության մեջ, որոնց բախվում է տարածաշրջանում: «Ոչ մի երկիր՝ լինի մեծ թե փոքր, նման բան չի անում»,- նշում է նա:
«Իշխող կուսակցությունը նաեւ հակված է հեշտորեն օգտագործելու ռազմական միջոցները՝ հաճախ մինչեւ դիվանագիտական բոլոր հնարավորությունների սպառումը»,- նշում է Օզգալդան՝ ընդգծելով Թուրքիայի հարաբերությունների լարվածությունը Հունաստանի, Կիպրոսի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Իսրայելի հետ:
«Իշխող կուսակցությունն այս օրերին խոսում էր ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին... Թուրք շատ մեկնաբաններ կարծում են, որ այդպես էլ կա: ԵՄ-ն չի կարող անտեսել Թուրքիային՝ ինչպիսին էլ լինի նրա ռեժիմը. մոտ 90 մլն բնակչությամբ երկիր, որը կից է նրա սահմաններին: Նրանց միջեւ ինչ-որ կապ պետք է լինի:
Բայց եվրոպական դաշինքի համար սա արդեն հարաբերություններ չէ պոտենցիալ անդամի հետ: «Արդարության եւ զարգացման» կուսակցությունը (իշխող կուսակցությունը – խմբ.) կործանել է ԵՄ-ին անդամակցության ճանապարհը: Ամեն ինչ վերջացած է: Հիմա նոր էջը նվիրված է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ նոր հարաբերությունների բնույթի որոշմանը»,- շեշտում է հոդվածի հեղինակը:
Անկարայի արտաքին քաղաքականությունը ձեւավորող հիմնական գործոնը, նրա խոսքով, գաղափարախոսությունն է, այլ ոչ թե ազգային շահերը, այն բաղկացած է Մերձավոր Արեւելքում մուսուլմանամետ հավակնություններից եւ Արեւմուտքում գաղափարաբանորեն պատճառաբանված, հակաարեւմտյան հարաբերությունից: