Վազգեն Թեւանյան. Ինձ ոգեշնչում են մեր բոլոր զինվորները և պատերազմի մասնակից սպա եղբայրս
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթակիր, 2019 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, 2018 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի հույսերից մեկն է: 21-ամյա ըմբիշը 2020 թվականին աշխարհին հայտարարեց իր մասին եւ լուրջ հայտ ներկայացրեց ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշայինների պայքարում:
Թեւանյանն ըմբշամարտով սկսել է զբաղվել 9 տարեկանից Արտաշատում մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի մոտ, որն այժմ էլ աշխարհի գավաթակրի անձնական մարզիչն է: Ազատ ոճն ընտրել է ընկերների խորհրդով:
Աշխարհի գավաթակիրը NEWS.am Sport-ի համար ամփոփել է Մրցաշրջան-2020-ը:
Մրցաշրջան-2020...
Տարին բարդ էր: Մեր ազգի համար լավ տարի չէր, կորոնավիրուս, պատերազմ: Մարզական առումով տարվա վերջը մի փոքր հաջող դասավորվեց: Տարին սկսեցինք նորմալ մարզումային փուլով, ապա սկսվեց կորոնավիրուսը եւ ամեն ինչ փոխեց: Նորմալ չէինք կարողանում մասնակցել մարզումների, հավաքները համեմատաբար քիչ էին: Ապա պատերազմը, որը հոգեբանական առումով չէր թողնում, որ լավ մարզվեինք, պատրաստվեինք: Ինձ մոտ ստացվեց այդ հոգեբանական խնդիրը հաղթահարել, կենտրոնանալ եւ դուրս գալ աշխարհի գավաթի մրցագորգ: Նվաճեցի աշխարհի անհատական գավաթի խաղարկության ոսկե մեդալ: Ուրախ եմ, որ կարողացա այս ամենի միջով անցնելուց հետո հաղթանակ ունենալ: Այն ինձ ավելի ոգեւորեց, որ հետագայում էլ նույն ոգով շարունակեմ, հաղթանակներ կերտեմ Հայաստանի համար: Սա իմ առաջին հաղթանակն էր մեծահասակների մակարդակում: Այն բարձրացրել է իմ ոգին, վստահություն է տվել՝ հետագայում ավելի լավ հանդես գալու համար:
Պատերազմ...
2020 թվականն, իրոք, բարդ ու ծանր տարի էր բոլորիս համար:
Պատերազմի միջով անցանք եւ յուրաքանչյուրս, կարծում եմ, ինչ-որ բան քաղեցինք այդ պատերազմից: Ինքս հասկացա, որ պետք է ամեն գնով դժվարությունները կարողանանք հաղթահարել: Ինչ բարդ իրավիճակ, ինչ ծայրաստիճան վիճակում հայտնվենք, պետք է հավաքվենք, կենտրոնանանք եւ առաջ շարժվենք:
Երբ դարձա չեմպիոն, առաջինը զանգ ունեցա Արցախ՝ հորեղբորս որդուն, իր հետ կիսեցի հաղթանակս: Եղբայրս սպա է, մայոր: Մասնակցեց պատերազմին, պարգեւատրվեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանով: Եղբայրս ու մեր բոլոր զինվորներն ինձ ոգեշնչում են: Նրանց չհանձնվելը, մինչեւ վերջ պայքարելը մեզ դուխ է տալիս, որ ավելի լավ անենք մեր գործը, ավելի լավ մարզվենք, աշխատենք, հաղթենք:
Պատերազմը սովորեցրեց, որ պետք չէ թերագնահատել հակառակորդին ու միշտ պատրաստ լինել պայքարի: Այդ նույնը նաեւ սպորտում է՝ գորգում. երբեք չի կարելի թերագնահատել մրցակցին: Սերբիայի մրցագորգում զգացի, որ պատերազմից հետո փոխվել է շատ բան, կարելի է ասել՝ պատերազմը մեզ մեծացրել է:
2021 թվական...
Այս տարին կարեւոր է բոլորիս համար: 2021-ի հետ կապված նպատակս ու երազանքս օլիմպիական ուղեգիր նվաճելն է: Վստահ եմ ուժերիս վրա: Մտածում եմ, որ կստացվի: Աշխարհի գավաթն ավելացրեց այդ վստահությունը: Տարեսկզբին կունենանք հավաք, հետո միջազգային ու վարկանիշային մրցաշարեր: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կստացվի 2021-ում: Այս տարի մենք կունենանք նոր ու մեծ հաղթանակներ, որոնք մեզ շատ անհրաժեշտ են:
Հիշեցնենք, որ Վազգեն Թեւանյանը տպավորիչ հաղթանակ տարավ Սերբիայում դեկտեմբերի 16-18-ը տեղի ունեցած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում՝ նվաճելով ոսկե մեդալ: Պատերազմի ավարտից հետո մրցահարթակ դուրս եկած երիտասարդ ըմբիշը անցկացրեց 5 հաղթական գոտեմարտ՝ բոլորը հաղթելով խոշոր հաշիվներով: