Գերմանիայի Զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնը համաձայն չէ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության մտահոգությանը՝ Բունդեսվերը մարտական անօդաչու թռչող սարքերով զինելու հարցում
Գերմանիայի Զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնը համաձայն չէ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության մտահոգությանը՝ Բունդեսվերը մարտական անօդաչու թռչող սարքերով զինելու հարցում: Այս մասին Ցորնն ասել է այսօր՝ հունվարի 3-ին, Welt am Sonntag պարբերականում հրապարակվող հարցազրույցում:
«Իմ կարծիքով՝ զինված անօդաչուների ռազմական պահանջը անփոփոխ է մնում: Եվ ոչ թե երբեւիցե, այլ հենց արտասահմանյան առաքելությունների ժամանակ, որոնք այսօր իրականացնում ենք»,- նշել է Ցորնը: Համանման սարքերն անհրաժեշտ են օդից զինվորների պաշտպանության եւ տեղերում նրանց օպերատիվ ներուժի բարելավման համար, շեշտել է նա:
Գերմանիայի ՍԴԿ-ն՝ իշխող կոալիցիայում պահպանողականների գործընկերը, 2020 թվականի դեկտեմբերին հրաժարվել էր հավանություն տալ նոր զինված դրոնների գնմանը: Իրադարձությունը, որը սոցիալ-դեմոկրատներին ստիպել էր նման որոշում կայացնել, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն էր եւ «դրոնների պատերազմը», որը վարել են Հայաստանն ու Ադրբեջանը, հայտարարել էր ԳՍԴԿ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Գաբրիելա Հայնրիխը:
«Պատմության մեջ առաջին անգամ զինված հակամարտության ելքը որոշել է բացառապես անօդաչուների օգտագործումը»,- ասել էր նա:
Իսկ Էբերհարդ Ցորնը վստահ է, որ Ղարաբաղում հակամարտությունը չպետք է կասկածի տակ դնի Բունդեսվերի համար անօդաչուների գնումը, փոխանցում է DW-ն:
«Լեռնային Ղարաբաղում զինված դրոններն օգտագործվել են որպես հարձակողական զենք: Իսկ Բունդեսվերի կողմից զինված անօդաչուների կիրառումը կկարգավորվեր հստակ կանոններով, որոնք մեր խորհրդարանն ավելի վաղ հաստատել է եւ ամրագրել համապատասխան մանդատում»,- շեշտել է գլխավոր տեսուչը: Նա հավելել է, որ գերմանական բանակում դրոնները չեն օգտագործվի այնպես, ինչպես դա արվել է ղարաբաղյան հակամարտության մեջ:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում սոցիալ-դեմոկրատների խնդրանքով բազմիցս հանդես է եկել զինված դրոնների հարցի շուրջ բանավեճերի նախաձեռնությամբ: Դրանց մասնակցելու համար հրավիրվել են զինծառայողներ, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ եւ պաշտպանական ոլորտի փորձագետներ: Այս կապակցությամբ ԳՍԴԿ դեկտեմբերյան դեմարշին Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը ակնհայտ զայրույթով էր արձագանքել: Այսպես 2020 թվականի դեկտեմբերի 9-ին Բունդեսթագում պաշտպանական բյուջեի քննարկման ժամանակ նա հայտարարել էր. «Հաշվի չի առնվում «մենք այդ հարցը չենք քննարկել» փաստարկը. մենք արդեն 8 տարի այս հարցը քննարկում ենք»: