Խչոն, երբ վերջին անգամ զանգեց, ասաց՝ մա ջան, քեզի ձիգ կպահես, մենք լավ ենք, երեք օր չեմ զանգի. այդպես էլ չզանգեց. նահատակված Խաչատուր Խաչատրյանի մայրը՝ որդու մասին (լուսանկարներ)
Խչոն կանգնել է մինչև վերջ, մինչև վերջ պայքարել է իր դիրքերի համար, մինչև վերջ ասել է՝ մենք դիրքերը չենք տալու, սակայն 18-ամյա Գյումրեցի Խաչատուր Խաչատրյանն ընկել է թշնամու տանկի հարվածից:
Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված Խաչատուրի մայր Կարինե Աղաջանյանը Tert.am-ին պատել է, որ որդին ծառայում էր Մարտունիում, 19-ամյակը լրացավ դեկտեմբերի 16-ին, սակայն նրա բացակայությամբ:
«Խչոս շատ ընկերասեր, բարի, բոլորին օգնող էր: Խչոն տխուր չէր լինում, տխուր մարդկանց չէր էլ սիրում: Իր ուրախությունն իր կատակներով էր արտահայտում, ընկերները կարող են դա փաստել, որովհետև ընկերների հետ ավելի ազատ էր»,-պատմել է տղայի մայրը:
Խաչատուրը տան միակ որդին չէր, երկու եղբար ուներ, որոնց հետ էլ կապում էր իր հետագա անելիքները: «Տղայիս նպատակը լավ մարդ դառնալն էր, ուզում էր բիզնեսմեն դառնալ, նպատակը դա էր: Ասում էր՝ մա ջան, բանակից գամ, բիզնես կդնեմ, կաշխատենք ախպերներով»:
Հերոսն ընկերուհի ուներ, ընկերուհու հետ կապված նպատակները ևս պլանավորել էր, որ պետք է դասավորվեին բանակից հետո:
Զինվորը պատերազմի առաջին օրվանից չի թողել, որ ընտանիքի անդամները մտահոգվեն, գրեթե ամեն օր զանգել է, ասել, որ ամեն ինչ լավ է: «Ասում էր՝ մենք ապահով տեղում ենք, չանհանգստանաք, եթե անհասանելի լինեմ, ուրեմն մարտկոցի խնդիր է, հետո էլի կզանգեմ: Միայն վերջին օրը, երբ զանգեց, ասաց՝ մա ջան, քեզի ձիգ կպահես, մենք լավ ենք, երեք օր չեմ զանգի. այդպես էլ չզանգեց»:
«Խչոյիս հետ մի բարի մարդ կար, Նշան անունով, ինքն է իմ տղային բերել, եթե ինքը չբերեր, մենք էլ հաստատ մինչև հիմա չէինք գտնի իմ տղային: Նշանը կամավոր էր, իր տղային թողել է ու իմ որդուն է փորձել փրկել, երկու ժամ ճանապարհ են անցել, սակայն տղաս արդեն արնաքամ է եղել ու փրկելն անհնար է եղել: Բարի մարդու ձեռքով իմ տղան ինձ հասավ»:
Տիկին Կարինեն նշում է՝ պատերազմի նման ավարտը սպասելի չէր, որովհետև դժվար է իր որդու համառ պայքարից հետո նման ավարտի ականատես լինելը: