Թուրքիան գլխավորել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը
ՆԱՏՕ-ի Բարձր պատրաստության միավորված օպերատիվ խմբի (VJTF) հրամանատարությունն անցել է Թուրքիային: Անկարա կգլխավորի VJTF-ի 4200 զինծառայողներից կազմված բրիգադը, ներառյալ՝ նորագույն թուրքական ռազմատեխնիկան, մասնավորապես, զրահամեքենաները, հակատանկային հրթիռային համալիրները: «Թուրքիան զգալի միջոցներ է ներդրել այդ զորամասի համալրման, հատկապես, լոգիստիկայի եւ սպառազինությունների պակասը լրացնելու պլանավորման մեջ», -ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ, հաղորդում է DW-ը:
2021 թվականին ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը, որտեղ հաշվարկվում է ընդհանուր առմամբ 6400 զինծառայող ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Իտալիայից եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից: Այդ հրամանատարությունն անցնում է ուրիշ երկրին ռոտացիայի սկզբունքով. 2020 թվականին այն ղեկավարում էր Լեհաստանը, 2019-ին՝ Գերմանիան, իսկ 2018-ին՝ Իտալիան:
VJTF-ի առանձնահատկությունը դրա բարձրաստիճան պատրաստվածության մեջ է. խումբը պետք է կարողանա փոխել իր տեղակայման վայրն առավելագույնը 72 ժամվա ընթացքում: Անձնակազմի համար, օրինակ, դա նշանակում է, որ նրանք իրավունք չունեն գտնվել ծառայության վայրից մեծ հեռավորությունների վրա:
ՆԱՏՕ-ի համար այդ զորախմբի հրամանատարության փոխանցումը նշանակում է, որ միության անդամ երկրների միջեւ համագործակցությունն ընթանում է հարթ՝ չնայած առանձին դաշնակիցների միջեւ տարաձայնություններին: Ավելի վաղ միության ղեկավարությունը մտահոգություն էր հայտնել Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները ձեռքբերելու կապակցությամբ, ինչի հետեւանքով ԱՄՆ-ը պատժամիջոցներ է գործադրել Անկարայի նկատմամբ: ԵՄ-ն նույնպես պատժամիջոցներ է սահմանել թուրք ֆիզիկական անձանց եւ ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են Արեւելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքներում: