Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր, սոպրանո Մայա Աֆրիկյանը կրկին պատվով ներկայացրել է Հայաստանը մի շարք միջազգային մրցույթներում
Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր, սոպրանո Մայա Աֆրիկյանը կրկին պատվով ներկայացրել է Հայաստանը մի շարք միջազգային մրցույթներում։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ բոլոր մրցույթներն անցկացվել են համացանցի միջոցով։ Երգչուհին 13 միջազգային մրցույթի դափնեկիր է, որոնց մեծամասամբ մասնակցել է՝ որպես հեղինակ-կատարող։
«2020թ․ դեկտեմբեր ամսին հեռավար կարգով մասնակցեցի 3 մրցույթի, որտեղ կրկին ունեցա հաղթանակներ։ Երկու առաջին դափնի և մեկ «Գրան պրի»։ Միջազգային «Սթար Ֆեստ» մրցութին իմ տեսաձայնագրությամբ ներկայացրել էի Միխայիլ Գուցերիևի խոսքերի հիման վրա գրված իմ հեղինակային «Я не люблю зимой грозу» երգը։ Ինձ նվագակցում էր փայլուն դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիանա Դարբինյանը։ Այս մրցույթում «Հեղինակային երգ» անվանակարգում արժանացա առաջին կարգի դափնեկրի դիպլոմի: «Я не люблю зимой грозу» երգի տեսաձայնագրությամբ մասնակցել եմ իտալական «The Song» միջազգային երաժշտական մրցույթին: «Ակադեմիական վոկալ» անվանակարգում կրկին արժանացել եմ առաջին մրցանակին։ Հայաստանի ու Արցախի համար այս դժվարին օրերին մրցույթի մասնակցելն անգամ հոգեպես հեշտ չէր, և ես իմ բոլոր հաղթանակները նվիրել եմ հայ զինվորներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մայա Աֆրիկյանը:
Նա ցավով նշեց՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դռներն իր առջև փակ են եղել: Այդպես էլ չի կարողացել հանդիպել թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:
Օպերային թատրոնում 7 տարի ստաժոր է եղել, 3 տարի աշխատել է պայմանագրով: 10 օր բացակայել է ՀՀ-ից, գնացել միջազգային մրցույթի, վերադարձել է մրցանակը ձեռքին, որպեսզի ստորագրի պայմանագրի երկարաձգման համար, ասել են, թե պայմանագիր չեն ստորագրում, քանի որ այլևս պայմանագրային աշխատողներ չունեն: Իսկ Կոնստանտին Օրբելյանը չի ընդունել ու լսել՝ գոնե ձայնի կարողություններին ծանոթանալու համար:
«Մի քանի անգամ ասել է, թե՝ ես պետք է քեզ լսեմ, պայմանավորվել ենք, եկել եմ՝ պարզվել է, որ զբաղված է: Ինձ չեն կանչել, չեն լսել, անգամ Օպերա ներս չեն թողել: Մեկ անգամ նամակ գրեցի, ուզեցի Օրբելյանին փոխանցել, անգամ չթողեցին շենք մտնեմ: Թե ինչ պատճառով իրենց դուր չեմ եկել՝ չգիտեմ: Եթե լսեին, չհավանեին, ասեին՝ վատ ես երգում, ու իրենց ասածը հիմնավորեին, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց անգամ լսել չուզեցին: Որպես երգչուհի՝ Օրբելյանն ինձ այդպես էլ չճանաչեց: Սիրտս կոտրված է»,- նշեց Մայա Աֆրիկյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում երգիչները շատ են, աշխատանք գտնելը դժվար է, բայց արդար կլիներ, եթե ազնիվ մրցույթ լիներ և ըստ ուժերի մարդկանց ընտրեին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: