Պոչետինոն գլխավորեց ՊՍԺ-ն
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Պոչետինոյին, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ 48-ամյա արգենտինացի մասնագետը փոխարինեց գերմանացի Թոմաս Տուխելին, որի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Պոչետինոն կնքել է 1,5 տարվա պայմանագիր։
«Ես շատ երջանիկ եմ այս նշանակման համար, ինչը մեծ պատիվ է։ Շնորհակալ եմ ակումբի ղեկավարներին վստահության համար։ ՊՍԺ-ն միշտ հատուկ տեղ է ունեցել իմ սրտում։ Ես հրաշալի հիշողություններ ունեմ այս ակումբից, «Պարկ դե Պրենսի» բացառիկ մթնոլորտից։
Այս թիմն ունի ֆանտաստիկ ներուժ, աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի թիմը դարձյալ ունենա հարձակողական խաղաոճ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի կայքը։
Պոչետինոն 2019թ․ նոյեմբերին Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացվելուց հետո աշխատանք չուներ։ Արգենտինացին ֆուտբոլային կարիերայի ընթացքում ՊՍԺ-ն ներկայացրել է 2001-2003-ին։
Տեսանյութը և գրառումը՝ այստեղ: