«Մենք չենք հանգստանա, քանի դեռ պատասխանտվության չենք ենթարկել Սոլեյմանիի սպանության մեղավորներին». Իրանի ԱԳՆ
Իրանի իշխանություններն ուրբաթ հայտարարել են, որ հաստատակամ են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ռազմական էլիտար ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Իրանի արտգործնախարարության հայտարարությունում:
«ԱՄՆ-ի անօրենությունն իրողջ գեղեցկությամբ: Մենք չենք հանգստանա, քանի դեռ պատասխանտվության չենք ենթարկել մեղավորներին»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Սոլեյմանին սպանվել է հունվարի երեքին՝ Բաղդադում ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով: Դրան ի պատասխան Թեհրանը հունվարի ութին հրթիռակոծել է Իրաքի տարածքում ԱՄՆ-ի երկու ռազմական օբյեկտ:
Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ վրեժ է լուծելու Սոլեյմանիի սպանության համար: Չի բացառվում, որ Իրանը հրամանատարի սպանության տարելիցի կապակցությամբ հարված հասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերին: