Հենրիխ Մխիթարյանն ամանորյա շնորհավորանքով ամփոփել է տարին
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձ է հրապարակել սոցցանցերում:
«Covid 19-ը խաթարեց բնականոն կյանքը, այդ թվում՝ սպորտը: Այն ֆուտբոլից խլեց ամենագլխավորը՝ երկրպագուներին: Երբ երկրպագուները չեն կարողանում ստադիոններից հետևել խաղերին, դա ազդում է ֆուտբոլի դիտարժանության վրա: Աշխարհը վերադառնում է բնականոն կյանքի, բայց դեռ կան մարտահրավերներ, որոնց հաղթահարումը կնպաստի մարզիկների բարեկեցությանը:
Այս ամենն ազդել է նաև ինձ վրա, քանի որ Իտալիան այն երկրներից է, որն ամենաշատն է տուժել կորոնավիրուսից: Հուսով եմ, որ Իտալիան ամբողջովին կվերականգնվի այս արհավիրքից և դարձյալ իր գեղեցկությունը և տաղանդը կուցուցադրի աշխարհին:
Բացի այդ, 2020 թվականը շատ դաժան տարի էր իմ ազգի համար: Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ էր անում կանգնեցնել աշխարհի բոլոր պատերազմները, սակայն իմ երկրում պատերազմը շարունակվեց 44 օր: Հազարավոր կորսված կյանքեր, վիրավորներ, անտուն մնացած մարդիկ, գերիներ, միլիոնավոր չիրականացած երազանքներ: Այս յուրահատուկ օրը մտքերս այն ընտանիքների հետ են, որոնց սիրտը չի լցվել տոնական տրամադրությամբ:
Այդուհանդերձ, 2020 թվականն ինձ պարգևեց նաև դրական հույզեր, քանի որ հայր դարձա: Իմ սիրելի Հայաստան, ցանկանում եմ քեզ անվտանգություն և խաղաղություն: Այլևս ոչ մի երիտասարդ չպետք է վտանգի իր կյանքը: Իմ ազգին կոչ եմ անում լինել ամուր, օգտագործել երկրում առկա ներուժը, գիտելիքը և լինել միասնական: Չմոռանանք նաև մոմ վառել մեր անմահ հերոսների հիշատակին:
Սիրելի ընկերներ, նոր տարում ձեզ մաղթում եմ սեր, երջանկություն և հաջողություն: Թող երեխաներն ապրեն խաղաղ մոլորակում:
Շնորհավոր Նոր Տարի, կհանդիպենք խաղադաշտում:
Սիրում եմ ձեզ, ձեր՝ Մխիթարյան (Micki)»,- ասվում է շնորհավորանքում:
Հիշեցնենք, որ վերջերս Մխիթարյանը 10-րդ անգամ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Իտալիայի ընթացիկ առաջնության 14 տուրերում նա մասնակցել է 14 խաղի և դարձել 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Լուսանկարը և գրառումը՝ այստեղ: