«Brexit»-ից հետո մենք ավելի շատ ազատություն և ավելի լավ աշխատելու հնարավորություն ունենք, քան ԵՄ պետությունները». Մեծ Բրիտանիայի վարչապետ
Բրիտանական BBC լրավական գործակալությունը հրապարակել է հոդված, որում խոսվում է Brexit-ի (Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց) և դրա հետևանքների մասին`այն անվանելով Միացյալ Թագավորության համար նոր դարաշրջան:
Համաձայնագրով սահմանված առևտրի հարաբերությունների կարգավորումները, ինչպես նաև ճանապարհորդության, ներգաղթի և անվտանգության համագործակցության փոխարինման պայմանավորվածությունները ուժի մեջ են մտել երեկ կեսգիշերին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին և շաբաթներին որոշակի խափանումներ կլինեն, քանի որ նոր կանոններ են գործում, և Եվրոպայի հետ բրիտանական առևտրային ընկերությունները համակերպվում են փոփոխություններին`շեշտելով, որ Միացյալ Թագավորությունը հիմա ազատություն ու գործերն ավելի լավ վարելու կարողություն ունի:
Մեծ Բրիտանիան 27-հոգանոց քաղաքական և տնտեսական բլոկից պաշտոնապես դուրս է եկել հունվարի 31-ին, այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի բնակչությունը 2016 թվականին քվեարկել է հօգուտ Brexit-ի:
Սակայն Միացյալ Թագավորությունը պահպանել է ԵՄ առևտրի կանոնները վերջին 11 ամիսների ընթացքում, մինչ երկու կողմերը բանակցում էին իրենց ապագա տնտեսական գործընկերության շուրջ:
Սուրբծննդյան տոնի նախօրեին ստորագրված համաձայնագիրը վավերացվել է խորհրդարանի կողմից և ուժի մեջ մտել կեսգիշերին: Այս համաձայնագրով, նաև, վերացվել է Շենգենյան գոտու վերահսկողությունը Ջիբլարթարի և ԵՄ-ի միջև:
Ըստ վերլուծաբան, քաղաքական խորհրդատու Ջեսիկա Փարքերի, այս համաձայնագրով շատ բան է փոխում և դա հայտնի կլինի մի քանի ամիս անց, երբ համաճարակն ավարտվի և երկիրն անցնի իր բնականոն աշխատանքին:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, որի հավակնությունն է անկախ Շոտլանդիան ԵՄ վերադարձնելը, թվիթերյան իր էջում գրել է. «Շոտլանդիան շուտով կվերադառնա, Եվրոպա: Լույսը վառ պահեք»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան մնում է «բարեկամ և դաշնակից»`հավելելով, որ Եվրոպայից հեռանալու ընտրությունը «եվրոպական տկարության և բազում ստերի և կեղծ խոստումների զավակ է»:
Վերլուծաբան Քաթյա Ադլերն ասել է, որ երկու կողմերը դեռ պետք է հասկանան, թե Բրյուսելն ինչ հասանելիություն է տալու բրիտանական շուկային:
Խոսելով նրա մասին, թե ինչն է փոխվում` հոդվածում մի քանի կետ է առանձնացվում.
• Ավարտվում է մարդկանց ազատ տեղաշարժը Մեծ Բրիտանիայի և ԵՄ երկրների միջև:
• ԵՄ երկրների քաղաքացիներն, ովքեր ցանկանում են հաստատվել Միացյալ Թագավորությունում, ունեն նույն միավորների համակարգը, ինչ աշխարհի այլ երկրներում բնակվող մարդիկ
• Միացյալ Թագավորության ոստիկանությունը կորցնում է քրեական տվյալների գրանցման, մատնահետքերի և հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ԵՄ բազայի հետ գործ ունենալու իրավունքը:
• Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի առևտրականներն ավելի շատ փաստաթղթեր պետք է լրացնեն ԵՄ անդամ պետությունների հետ աշխատելիս, քան առաջ:
Հիշեցնենք, որ ԵՄ կազմից թագավորության դուրս գալու պայմանների շուրջ բանակցություններն սկսվել էին 2017 թվականի հունիսի 19-ին և նախատեսված էին երկու տարով, սակայն մի քանի անգամ երկարացվել են: