Սոլեյմանիի սպանության տարելիցի նախաշեմին Իրանի հավանական հարվածը Պենտագոնում «պառակտում» է առաջացրել. CNN
Պենտագոնի պաշտոնյաների շրջանում «պառակտում» է առաջացել` Իրանի և Իրաքում գտնվող իրանամետ զինյալների կողմից հնարավոր հարձակման ռիսկի շուրջ, հայտնում է CNN լրատվական գործակալությունը:
Հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում մեջբերված են Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն առ այն, որ բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից ի վեր Իրանի կողմից սպառնացող վտանգն այժմ հասել է ամենաբարձր մակարդակին:
Պենտագոնի պաշտոնյաներից ոմանք լրատվական գործակալությանը հայտնել են, որ Իրանն ու իր դաշնակից խմբավորումներն Իրաքում, կարող են հարձակում իրականացնել Մերձավոր Արելքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա, ինչը դրդել է Վաշինգտոնին տարածքում լրացուցիչ ուժեր տեղակայել:
Մյուս կողմից, Պենտագոնի այլ պաշտոնատար անձինք հայտնել են, որ, ըստ իրենց, իրանական ենթադրյալ սպառնալիքի վերաբերյալ մտահոգությունները չափազանցված են: Նրանք շեշտել են, որ նախապատրաստվող հարձակման վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվել հետախուզությունից և, որ զինվորականները չեն հավատում դրան:
Անդրադառնալով տարածաշրջանում ամերիկյան զորքերի վերակազմակերպմանը` CNN-ը նշել է, որ ամերիկյան B-52 ռմբակոծիչներն ամսվա սկզբից արդեն երկրորդ անգամ թռչելու են Մերձավոր Արևելք:
Հակառակ նրան, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը երեկ որոշում է կայացրել ԱՄՆ-ի Nimitz ավիակիրը Պարասից ծոցից դուրս բերելու մասին, Պենտագոնի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ սա շոու է, որի նպատակը Թեհրանին նախազգուշացնելն է` Սոլեյմանիի սպանության տարելիցին ընդառաջ տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ ցանկացած թշնամական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանն ամենաբարձր մակարդակով խոստացել է վրեժ լուծել: