Թո՛ղ 2021 թվականը դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի․Արայիկ Հարությունյան (Լուսանկարներ)
Հին տարին ճանապարհեցինք անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով եւ Նոր տարին դիմավորեցինք Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագով՝ ի հիշատակ մեր նահատակված հայրենակիցների: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Սիրելի ՛ հայրենակիցներ,
Հին տարին ճանապարհեցինք անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով եւ Նոր տարին դիմավորեցինք Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագով՝ ի հիշատակ մեր նահատակված հայրենակիցների:
2020 թվականը ծանրագույն կորուստների ու մարտահրավերների տարի էր հայ ազգի համար: Մենք կորցրեցինք հազարավոր անգին կյանքեր, որոնց հիշատակը հարգելու լավագույն ձեւը նրանց առաքելությունն ու երազանքները շարունակելն է: Մենք պարզապես պարտավոր ենք շարունակել մեր նախնիների ու պատերազմում ընկած քաջորդիների գործը. թեեւ ծանր պայմաններում, սակայն միասնական, խելացի ու համբերատար պայքարը, համոզված եմ, կտա իր պտուղները պատմության երթում:
Ուստի, թո՛ղ 2021 թվականը հեռու պահի Հայոց հայրենիքը նոր արհավիրքներից, թո՛ղ այն դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի, թո՛ղ բոլորիդ օջախները լինեն խաղաղ եւ կյանքով լեցուն՝ միշտ մեր սրտերում վառ պահելով հայոց սուրբ նահատակների հիշատակը եւ նրանց հանդեպ մեր պարտավորությունները:
Խաղաղություն, վճռականություն ու ոգու տոկունություն եմ մաղթում յուրաքանչյուրիդ:
Փա՛ռք ընկած նահատակներին, փա՛ռք մեր անվտանգությունը երաշխավորող բոլոր մարտիկներին»։