Խաղաղություն մեր երկրին, ուժ՝ հայ զինվորի բազկին, ուրախ մանկություն՝ փոքրիկներին. տարվա հերոսների մաղթանքները (տեսանյութ)
2020 թվականն ավարտվեց։ Անցած 2020-ն ամփոփում են տարվա հերոսները։
Արցախյան պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանն արձանագրում է՝ 2020-ը փորձությունների և կորուստների տարի էր։
«Տարի էր, երբ մենք շատ ցավ ու արտասուք տեսանք։ Մենք կորցրինք մեր ընկերներին, մեր հարազատներին, կորցրինք հայրենիքի այն հատվածը, հանուն որի 30 տարի առաջ ընկան մեր հայրերն ու պապերը։ Թող 2021 թվականը լինի վերածննդի տարի մեր հայ ժողովրդի, հայոց բանակի, սպայի ու հայ զինվորի համար։ Թող գալիք տարին դառնա հիմքը գալիք հաղթանակների կերտման, որոնք օգնելու են ուղղել հայ մարդու կռացած մեջքը»,– ասում է նա։
Կորոնավիրուսով վարակված հարյուրավոր հիվանդներին օգնող թերապևտ Լամարա Մանուկյանը նշում է, որ զինվորների հետ մեկտեղ «իրենց խրամատներում կռվում» էին նաև բժիշկները։ Սակայն նրանք կռվում էին աներևույթ թշնամու՝ համավարակի դեմ, իսկ արդեն տարեվերջին փորձում էին արագ օգնություն ցուցաբերել պատերազմում վիրավորված տղաներին։
«Այս ծանր տարին մենք ավարտում ենք պատվով, ցանկանում ենք, որ 2021-ին կանչերը լինեն միայն ծննդօգնության համար, լուսաբացներն էլ ավետեն բարի լուրեր: 2021-ին բժշկին, զինվորին, մանկավարժին ու բոլորին մաղթում եմ խաղաղ աշխատանքային օրեր: Թող 2021-ը լինի համավարակի հաղթահարման, վիրավոր զինվորի ոտքի կանգնելու ու առողջ մարդու տարի։ 2021-ին խաղաղություն ու առողջություն եմ մաղթում՝ հավատալով, որ մենք միասնական, առողջ ու համախմբված շարժվելու ենք առաջ՝ հանուն մեր պետության հզորացման»,– ասում է Լամարա Մանուկյանը։
Արցախցի 10-ամյա Մարատն էլ ցանկանում է, որ 2021-ը աշխարհի բոլոր երեխաների նպատակների իրականացման տարի լինի. «Ուզում եմ, որ մեր ծնողները, տատիկ պապիկները երբեք տնից չբացակայեն, թող 2021-ին մենք միայն լսենք հաղթանակների, ձեռքբերումների մասին: Թող աշխարհում ոչ մի երեխա պատերազմ չտեսնի: Ցանկանում եմ, որ երեխաներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ երկրում, ու Ամանորի տոնածառը ոչ մի երեխաների տան անկյունից չբացակայի»։
Մանրամասները՝ տեսանյութում։