ԱՄՆ-ն պատժամիջոցների վերաբերյալ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ է արել Թուրքիային. Չավուշօղլու
Միացյալ Նահանգները հանդես է եկել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում սահմանված հակաթուրքական պատժամիջոցների վերաբերյալ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով ամերիկյան սահմանափակումները՝ կապված Թուրքիային ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հետ, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի համար նշանակություն չունի պատժամիջոցների մակարդակը: «Պատժամիջոցները հիմնովին սխալ լծակ են: Կարևոր չէ դրանք կոշտ են, թե սահմանափակ: CAATSA-ի շրջանակներում սահմանափակումները հարված են Թուրքիայի ինքնիշխան իրավունքներին»,- ասել է նախարարը:
Չավուշօղլուի խոսքով, դիվանագիտությունը Թուրքիայի համար առաջնահերթություն էր անցնող տարում, բայց անհրաժեշտության դեպքում Անկարան տեղում պաշտպանել է իր շահերը, ինչը «հնարավորություն է տվել պարզել հետագա երկխոսության և դիվանագիտության ճանապարհը»:
Նա նաև նշել է, որ Անկարան պատրաստ է գալիք տարում ԵՄ-ի հետ հարաբերություններում առավել դրական օրակարգի: «Մենք Բրյուսելից ակնկալում ենք նմանատիպ մոտեցում»,- ասել է թուրք նախարարը:
Թուրքիայի արտգործնախարարը ուշադրություն է հրավիրել նաև Միջերկրական ծովի արևելքում տիրող լարվածության վրա: Նրա խոսքով ՝ Անկարան ամբողջ աշխարհին ցույց է տվել, որ Միջերկրական ծովի արևելյան մասում հնարավոր չէ որևէ նախագիծ իրականացնել ՝ հակառակ իր շահերի: Դա գիտակցել են ինչպես Թուրքիայի բարեկամները, այնպես էլ թշնամիները, ընդգծել է նախարարը: