Վլադիմիր Պուտինն Ամանորի ուղերձ է հղել ռուսաստանցիներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին նոր` 2021 թվականի կապակցությամբ և նշել է, որ երկիրը անցնող տարին արժանապատվորեն է անցել՝ չնայած դժվարություններին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նախագահի Ամանորյա ուղերձը առաջինը տեսել են Անադիրի և Պետրոպավլովսկ-Կամչատսկի բնակիչները, որտեղ նոր տարին եկել է Երևանի ժամանակով 16:00-ին:
Իր խոսքում Պուտինն ընդգծել է, որ, դիմավորելով 2020 թվականը, ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ փորձությունների միջով է պետք անցնել:
«Հիմա թվում է, որ անցնող տարին մի քանի տարվա բեռ է պարունակել իր մեջ: Դժվար էր յուրաքանչյուրիս համար՝ խուճապներով և նյութական մեծ դժվարություններով, հոգսերով, իսկ ոմանց համար՝ սիրելիների, մտերիմների դառը կորստով»,- ասել է նախագահը:
Այնուամենայնիվ, ըստ պետության ղեկավարի, 2020 թվականը զուգորդվում էր նաև հույսերով, հպարտությամբ նրանց համար, ովքեր ցույց էին տալիս լավագույն մարդկային և մասնագիտական որակները:
«Մենք միասին անցանք այս տարին, արժանապատվորեն, ինչպես վայել է միասնական ազգին, որը հարգում է իր նախնիների ավանդույթները: Այդ արժեքներն են քաջությունը, բարեհոգությունն ու գթասրտությունը մեր սրտերում, բնավորության մեջ և արարքներում»,-ասել է Պուտինը:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տարում Պուտինը չի անտեսել վետերաններին: Նա շեշտել է, որ երկիրը հիմնվում է նրանց վրա՝ «քաջարի սերնդի, որը հաղթել է նացիզմին»:
Նախագահը նաև նշել է, որ 2020 թվականին կորոնավիրուսը շրջել է կյանքի սովորական ձևը և ստիպել է վերանայել ծրագրերը: Միևնույն ժամանակ, համավարակը շատերին օգնել է «ավելի ուշադիր նայել կյանքին, լսել սեփական խղճին, դեն նետել մանրը, դատարկը և իսկապես գնահատել ամենակարևորը»:
«Դա ընտանիքն է, մեր մայրերն ու հայրերը, պապերն ու տատիկները, դրանք մեր երեխաներն են՝ դեռ նորածինն և արդեն հասունացած, դրանք մեր ընկերներն ու գործընկերներն են, անշահախնդիր օգնությունն ու բարի գործերի ընդհանուր էներգիան՝ մասշտաբային, ամբողջ երկրով մեկ, և ավելի փոքր շրջանակում` փողոցներ, տներ, բայց ոչ պակաս նշանակալի»,- ավելացրել է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է, որ համաճարակը դեռ ամբողջությամբ կանգնեցված չէ, բայց հույս է հայտնել, որ դա հնարավոր կլինի անել նոր տարում:
«Հիվանդանոցներում դեռ շատ մարդիկ կան, և ես համոզված եմ, որ նրանք բոլորը զգում են, թե ինչպես են իրենց հարազատներն ու ընկերները աջակցում իրենց: Սրտանց ցանկանում եմ, որ դուք հաղթահարեք հիվանդությունը և հնարավորինս շուտ վերադառնաք տուն: Ցավոք, համաճարակը դեռ ամբողջովին կանգնեցված չէ: Դրա դեմ պայքարը մեկ րոպե անգամ չի դադարում: Բժիշկներն ու բուժքույրերը, շտապօգնության բրիգադները շարունակում են խիզախաբար աշխատել: Նրանցից շատերը հերթապահում են այս տոնական գիշերը»,-ասել է նա:
Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ արտակարգ իրավիճակների ծառայության անձնակազմը, զինվորականները, խաղաղապահները, բանակի և նավատորմի մարտական անձնակազմերը նույնքան պատասխանատու են կատարում իրենց առաջադրանքները:
«Եկեք այս պահերին երազենք ամենապայծառի, խաղաղության և բարեկեցության, երջանկության և ուրախության մասին յուրաքանչյուրի համար, ով մոտ է, ով թանկ է մեզ համար, մեր ամբողջ երկրի համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին, քանի որ մենք միասին ենք: Եվ երբ մենք զգում ենք կողքին կանգնած մարդկանց հուսալի ձեռք, Ռուսաստանը դառնում է մեկ մեծ ընտանիք»,- եզրափակել է նախագահը՝ բոլորին մաղթելով քաջառողջություն, հավատ, հույս, սեր և երջանկություն: