ԱՄՆ գաղտնի ծառայությունը կփոխի Բայդենի անվտանգության կազմը Թրամփի հետ կապ ունենալու պատճառով. The Washington Post
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը փոփոխություններ կկատարի նորընտիր նախագահ Ջո Բայդենի անվտանգության թիմում, որում նախատեսում է ընդգրկել այն գործակալներին, որոնք պահպանում էին Բայդենին և նրա ընտանիքը նորընտիր նախագահի փոխնախագահ եղած ժամանակ: Այս մասին գրում է The Washington Post պարբերականը` հղում տալով իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով` փոփոխությունը տեղի է ունեցել Բայդենի դաշնակիցների վախի ֆոնին, որ ներկայիս անվտանգության որոշ գործակալներ քաղաքական կապ ունեն գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Քեթրին Միլոանը նշել է, որ գերատեսչությունը հավատարիմ է մնում ապաքաղաքականացման սկզբունքներին:
«ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը եզակի լիազորություններ ունի պաշտպանելու ԱՄՆ-ի և աշխարհի այլ երկրների նշանակված ղեկավարներին և հետևողականորեն հավատարիմ է այս գործողությունների բարձր որակի չափանիշին, ամբողջովին ապաքաղաքական է և կապ չունի պաշտպանվող անձանց քաղաքական կուսակցությունների հետ»,- մեջբերում է պարբերականը Միլոանին:
Գաղտնի ծառայության նախկին ղեկավարներից մեկը ողջամիտ է համարում Բայդենի անվտանգության կազմի փոփոխությունը, քանի որ նոր նախագահի համար ավելի հարմարավետ կլինի աշխատել «իր ճանաչած մարդկանց հետ, ում նա վստահում է, և ովքեր նույնպես գիտեն, թե ինչպես է Բայդենը աշխատում»: