Մրցաշրջան-2020. Հայկական սպորտի նվաճումները
Մրցաշրջան-2020-ը մղձավանջային էր: Ինչպես համաշխարհային սպորտը, այնպես էլ հայկական սպորտը ֆորսմաժորային իրավիճակում էր. ասես աշխարհը կանգ էր առել, չնայած նրան, որ տարին պետք է հագեցած լիներ մրցաշարերով, Եվրոպայի առաջնություններով եւ ամենագլխավոր մարզական իրադարձությամբ՝ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերով: Սակայն փետրվարից սկսված կորոնավիրուսի համավարակը փոխեց ինչպես մյուս, այնպես էլ սպորտի ոլորտի ծրագրերը, հետաձգվեցին մրցաշարեր, Եվրոպայի առաջնություններ, մեկ տարով հետաձգվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերը եւ շախմատի Համաշխարհային օլիմպիադան:
Այսքանով հայկական սպորտի մղձավանջը չավարտվեց. Մարզական կյանքը վերջնական սառեցվեց սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած եւ 44 օր տեւած պատերազմի ընթացքում:
Կորոնավիրուսի պանդեմիայի եւ պատերազմի պայմաններում հայ մարզիկներին, այնուամենայնիվ, հաջողվեց գրանցել խոշոր հաղթանակներ մի քանի մրցաշարերում, որոնք տեղի ունեցան:
NEWS.am Sport-ն առանձնացրել է հայկական սպորտի կարեւոր նվաճումները ավարտվող տարում:
Արթուր Ալեքսանյանի 5-րդ չեմպիոնությունը Եվրոպայի առաջնությունում
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին փայլեց մրցագորգում: Փետրվարին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը:
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոնական դիմավորման արժանանալուց հետո հնգակի Եվրոպայի չեմպիոնը նշեց, որ բոլոր հնարավոր տիտղոսներն ունի, բայց իրեն ժողովուրդն է մոտիվացնում:
Գեւորգ Ղարիբյանի ոսկե հաղթանակը Հռոմում
2020 թվականի տարվա հայտնությունը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 60 կգ քաշային, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանն էր: Վնասվածքի պատճառով մարզական կարիերայում շուրջ 4 տարի դադար ունեցած երիտասարդ ըմբիշը իր խոսքն ասաց Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, որտեղ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հաղթանակի ճանապարհի Ղարիբյանը հաղթեց ադրբեջանցի եւ թուրք մրցակիցներին: Իսկ պարգեւատրման արարողության ժամանակ Հայաստանի եռագույնը ծածանեց Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների գլխավերեւում:
Չեմպիոն հռչակվելուց հետո NEWS.am Sport-ի թղթակի հետ զրույցում Ղարիբյանն էլ նշեց, որ իր համար հպարտություն էր Հայաստանի դրոշը հարեւան երկրների դրոշներից բարձր պահել:
Սա Գեւորգ Ղարիբյանի առաջին հաղթանակն էր մեծահասակների կազմում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: