Նիկոլ Փաշինյանն ատում էր դատական իշխանությանը և այնպես արեց, որ այդ համակարգը դարձավ իդեալական արդարադատության գործիք. նախկին դատախազ (տեսանյութ)
Ես ընդամենը արտահայտեցի իմ քաղաքացիական դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված և իմ բողոքի ձայնը բարձրացրի, ինչքանով կարողացա իմ բաժին դիրքորոշումն արտահայտել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին դատախազ Ռաֆայել Գևորգյանը, ով վերջերս էր աշխատանքից ազատման դիմում գրել։
«Դա կապված էր երկրում ստեղծված իրավիճակի, պետական դավաճանությունների, հող հանձնելու և այս քաոտիկ վիճակների հետ, որոնց պայմաններում ես ուղղակի չէի կարողանում պետական համակարգում աշխատել»,-ասաց նա։
Անդրադառնալով հարցին՝ Գևորգյանն ի՞նչ է նկատում դատարանների գործունեության մեջ նոյեմբերի 10-ից հետո, վերջինս արձագանքեց․ «Դատարանը այս երկրում մնացել է այն եզակի ինստիտուտներից մեկը, որը հենց հիմա ակամայից հանդիսանում է քաղաքական ռեպրեսիաների և ժողովրդավարության մեջտեղում ընկած սահմանագիծը, որն այս իշխանություններն առայժմ, այս պահի դրությամբ չեն կարողանում հաղթահարել»- նշեց նա։
Ինչ վերաբերում դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը գրառում արեց այն մասին, որ սպասում է զինծառայողներին, որ վերադառնան առաջնագծից և լուծեն «վնգստացող» դատավորների և «վնգստացողների» հարցը, որին հաջորդեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը, ըստ որի՝ հիմա է ժամանակը՝ ցույց տալու, թե ովքեր են դատավորները, Գևորգյանն արձագանքեց․
«Այս մարդն (Նիկոլ Փաշինյանը-Tert.am) ուղղակի հասցրեց նրան, որ չեզոքություն ունեցող դատավորները արդեն իրենք էլ քաղաքական դիրքորոշում հայտնեն, որ մնացեք ձեր բարձունքում, քանի որ մեզ այստեղ կարծես չեն հարգում, մենք խոչընդոտ ենք ինչ-որ նպատակների իրագործման համար, մնացեք ձեր դիրքերում, մինչև տեսնենք՝ ինչ է կատարվում։ ԲԴԽ հայտարարությունը, ըստ էության, դա էր նշանակում։ Դատարանները հայտարարության շուրջ համախմբվեցին որպես մեկ ամբողջականություն, և հիմա ավելի արդարացի են իրականացնում իրենց գործունեությունը, քան նախկինում»,-ասաց նախկին դատախազը, ապա ընդգծեց․
«Նոյեմբերի 9-ից հետո մեզ մոտ համարյա ստեղծվել է իդեալական դատական համակարգ, որին կամա թե ակամա դրդեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ատում էր այդ համակարգը, և այնպես արեց, որ այդ համակարգը դառնա իդեալական արդարադատության գործիք»։
Մանրամասները՝ տեսանյութում: