Իտալիայում քննարկում են ֆուտբոլիստներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու տարբերակը
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովը պատրաստ է քննարկել երկրում բոլոր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու տարբերակը: Այդ տարբերակը մի քանի անգամ քննարկվել է վերջին օրերին, նաև՝ Խաղացողների ասոցիացիայի (AIC) կողմից:
«Իտալիայում բոլոր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների պատվաստումը միտք է, որը, միանշանակ, պետք է քննարկել: Դա առողջապահական ընդհանուր խնդիր է, իսկ ֆուտբոլը հասարակության մի մասն է: Կարծում եմ՝ վատ չէր լինի պատվաստել բոլոր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին»,- ասել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի նորկայացուցիչ Ֆրանչեսկո Բրակոնարոն, փոխանցում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Ռոմայում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Իտալիայի ընթացիկ առաջնության 14 տուրերում նա մասնակցել է 14 խաղի և դարձել 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: