Պեսկովը «բացարձակ անհեթեթություն» է որակել Պուտինի համար ստեղծված գաղտնի բունկերի և նույնատիպ աշխատասենյակների մասին ենթադրությունները
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն ենթադրությունները, թե պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն աշխատանքային բունկեր և կրկնօրինակ աշխատասենյակներ ունի:
«Սա անհեթեթություն է: Այս ամենը բացարձակ անհեթեթություն է: Դրանք, գիտեք, գրական փորձեր են»,-ասել է Կրեմլի խոսնակը RTVI հեռուստաալիքի «Տարվա արդյունքները Սերգեյ Շնուրովի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում:
Նա առաջարկել է տարբեր անկյուններից լուսանկարել սենյակներից ցանկացածը, որպեսզի հետագայում փորձեն տարբերություններ գտնել:
«Նախագահը շատ աշխատասենյակներ ունի: Նախագահն աշխատասենյակներ ունի ամենուր, աշխարհի տարբեր քաղաքներում», - ասել է Պեսկովը: Նրա խոսքով ՝ Պուտինը «անհրաժեշտության դեպքում աշխատում է այս աշխատասենյակներից ցանկացածում»:
«Բայց բոլոր եզրակացություններն առ այն, որ ինչ-որ մեկը թաքցնում է նախագահի գտնվելու վայրը, միտումնավոր է արվում: Բոլոր այս դավադրության տեսություններն անհեթեթություն են»,-շեշտել է մամուլի քարտուղարը:
Խոսելով այն մասին, թե ինչպես է պետության ղեկավարը օգտվում համացանցից, Պեսկովը նշել է, որ Պուտինը շատ վաղուց է տիրապետել այդ հմտություններին:
«Չէի ասի, որ նա այդքան առաջադեմ օգտվող է, ոչ, չեմ կարծում, բայց, այնուամենայնիվ, նա համացանցում նայում է այն ամենը, ինչ իրեն պետք է», -ասել է Կրեմլի խոսնակը: