Իրանում ավարտվել է ուկրաինական Boeing-ի կործանման առնչությամբ հետաքննությունը
2020 թվականի հունվարին Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի կործանման հետ կապված հետաքննությունն ավարտվել է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հանրապետության կառավարության տեղեկատվական պորտալին հղումով:
Պաշտոնյան, մասնավորապես, ասել է. «Աղետի հետաքննությունն ավարտված է»:
Միևնույն ժամանակ նա հստակեցրել է, որ վերջնական զեկույցը ներկայացվել է ինչպես անգլերեն, այնպես էլ պարսկերեն և փոխանցվել է բոլոր ներգրավված կողմերին, այդ թվում՝ Ուկրաինային:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը՝ 2020-ի hունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո խոցվել է Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737-800 ինքնաթիռը, որը թռչում էր Կիև:
Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտնել էին, որ ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել, դրանում մեղավոր է մարդկային գործոնը. ինքնաթիռը թռիչք էր կատարել իրանական ռազմական օբյեկտի մերձակայքում և ընկալվել էր որպես «թշնամական թիրախ», մասնավորապես՝ թևավոր հրթիռ: Ինքնաթիռի խոցման պատճառով 176 մարդ էր մահացել: