ԱՄՆ նորընտիր կոնգրեսականը մահացել է COVID-19- ից
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամ Լյուկ Լեթլոուն (հանրապետական` Լուիզիանա նահանգից) մահացել է նոր կորոնավիրուսից առաջացող հիվանդության պատճառով: Նա 41 տարեկան էր: Այս մասին հայտնում է ամերիկյան Politico պարբերականը` վկայակոչելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերի 18-ին Լեթլոուն հայտարարել էր, որ իր հանձնած թեստի արդյունքը դրական է: Ավելի ուշ նա տեղափոխվել էր Լուիզիանայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը:
Լեթլոուն հաղթել էր այս ամսվա սկզբին Լուիզիանայում կայացած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկրորդ փուլում: Նախատեսվում էր, որ նա հունվարի 3-ին երդում կտա որպես կոնգրեսական:
Ինչպես նշում է Politico-ն, սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ Կոնգրեսի ակտիվ կամ ընտրված անդամը մահանում է ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի հետեւանքով առաջացած հիվանդությունից: Թե ով է ներկայացնելու Լուիզիանան ստորին պալատում Լեթլոուի փոխարեն, դեռ չի հստակեցվում:
Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների` ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 19.5 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 338.5 հազար մարդ: Երկու ցուցանիշներով էլ երկիրն առաջին տեղում է աշխարհում: