«Համավարակի դեմ պայքարում ՌԴ-ի ջանքերը «Իսլամական պետության» գործունեության հետ համեմատելն անթույլատրելի է». Զախարովան մեկնաբանել է ռուսական պատվաստանյութի մասին Բորելի խոսքերը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որով համավարակի դեմ պայքարում Ռուսաստանի ջանքերը համեմատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության հետ, կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի նկատմամբ անբարեխիղճ մրցակցության օրինակ է: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածված մեկնաբանության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զախարովան նշել է, որ ահագնացող «պատվաստանյութերի պատերազմն» ուղեկցվում է կեղծ կամ միտումնավոր խեղաթյուրված տեղեկատվության հոսքով: Սակայն, նրա խոսքով, Մոսկվայում ցնցված են, որ այդ պրակտիկային միացել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
«Եվրոպական դիվանագիտության ղեկավարը փորձում է բացարձակ անտեղի զուգահեռներ անցկացնել հիվանդության դեմ պայքարում Ռուսաստանի ջանքերի և «Իսլամական պետության» ոչ մի արդարացում չունեցող ահաբեկչական ակտիվության միջև։ Զուգահեռաբար Բորելը, կեղծ տեղեկատվություն տարածելով, դեմոնացնում է ռուսական լրատվամիջոցներին և լրագրողներին»,- ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ արտաքին գերատեսչությունում Բորելի խոսքերը գնահատում են որպես «անբարեխիղճ մրցակցության փորձ» և Բրյուսելից բացատրություններ են պահանջում:
Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Ռուսաստանը այլ երկրների պատվաստանյութերի մասին ապատեղեկատվություն է տարածում՝ իր սեփական «Սպուտնիկ V» պատվաստանյութն առաջ մղելու համար։
«Ներկայիս համավարակի ժամանակ նման անհիմն կասկած հարուցելու ցանկացած փորձ սպառնում է հանրային առողջությանը։ Ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսիք են՝ «Իսլամական պետությունը», նույնպես օգտվել են կորոնավիրուսի համավարակի շրջանում խառնաշփոթից՝ սեփական քարոզչությունը տարածելու համար»,- հայտարարել է նա։