Իրանում սկսվեցին մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի փորձարկումները
Իրանում դեկտեմբերի 29-ին սկսվել են կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ փորձարկումները տեղի են ունենում Թեհրանում, թեստավորման առաջին փուլի ժամանակ ներարկումները կարվեն 56 կամավորների:
Ընդամենը տրվել է շուրջ 60 հազար հայտ: Նշվում է, որ փորձարկումների գործարկման արարողությանը ներկա Էին երկրի գիտության և տեխնոլոգիաների գործերով փոխնախագահ Սորենա Սաթարին, ինչպես նաև առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամաքին: Թեստերի տեխնոլոգիային հավանություն են տվել Իրանի Պարենի և դեղորայքի վարչությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ավելի վաղ Իրանի Իմունոլոգների և ալերգոլոգների ընկերության ղեկավար Մոհամեդ Վոժգանին հայտնել է, որ Իրանն անհրաժեշտ գիտական գիտելիքներ ունի երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանութի արտադրություն կազմակերպելու համար:
Նրա խոսքով՝ այդ պատվաստանյութի վրա աշխատում են Իրանի երեք հետազոտական կենտրոններ, որոցից մեկն արդեն հաջողությամբ ավարտել է կենդանիների վրա նմուշների փորձարկումները: Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծման շուրջը: Դեկտեմբերի 22-ին այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցչիենրի հետ կայացած հանդիպմանը: Վերջին տվյալներով՝ համաճարակի սկզբից իրանցի բժիշկներն արձանագրել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,2 միլիոն դեպք: Երկրում գրանցվել Է 54,8 հազար մահվան դեպք, ավելի քան 960 հազար հիվանդ ապաքինվել է: