Դիեգո Սիմեոնե․ Շատ շնորհակալ եմ Դիեգո Կոստային
Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստայի հեռանալն իր ղեկավարած թիմից։
«Ես շատ շնորհակալ եմ Դիեգո Կոստային, որը թիմի հաջողության համար միշտ խաղադաշտում է թողել բոլոր ուժերը։ Ես խոսում եմ մարզական եւ մարդկային բաղադրիչների մասին։
Ես մի քանի օր չեմ հանդիպել Դիեգո Կոստայի հետ, քանի որ նա բանակցում էր ակումբի հետ եւ չէր գալիս մարզաբազա։ Ամենահրաշալին այն է, որ մենք նոր հանդիպման ժամանակ ուրախությամբ կգրկախառնվենք եւ կկարողանանք վերհիշել մեր անցած ուղին»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն։
Դիեգո Կոստան առաջին անգամ «Աթլետիկոյին» միացել է 2007-ին 17 տարեկանում։ Հետագայում նա երկու անգամ վերադարձել է մադրիդյան ակումբ, որի կազմում 32-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 215 պաշտոնական հանդիպում, խփել 83 գոլ, կատարել 36 գոլային փոխանցում։
«Աթլետիկոյի» հետ Կոստան դարձել է Իսպանիայի չեմպիոն (2013-14), գավաթակիր (2013), Եվրոպայի լիգայի հաղթող (2018) Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր (2010, 2012, 2018)։