Լավրով. Ղարաբաղում ստեղծված իրավիճակը չպետք է օգտագործվի վարձկանների` տարածաշրջան ներթափանցման համար
Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան համակարծիք են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների` տարածաշրջան ներթափանցման համար: Այս մասին երեքշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների` այս տարածաշրջան ներթափանցման փորձերի համար: Այս հարցում մենք միանգամայն համակարծիք ենք մեր թուրք գործընկերների հետ»,- ասել է նա:
«Մենք ողջունում ենք Անկարայի ձգտումը` օգնել հակամարտության կողմերին կատարել իրենց պարտավորությունները: Մասնավորապես` Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի վարչապետների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի պարտավորությունների կատարման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում», - շեշտեց նախարարը:
Լավրովը հիշեցրել է, որ այս համատեղ կենտրոնը ստեղծվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների արդյունքում, եւ այժմ «ընթանում է դրա ակտիվ տեղակայման գործընթացը»: