ԱՄՆ-ն ստիպված կլինի վերստին նվաճել միջազգային հանրության վստահությունը. Բայդեն
Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականության պատճառով Միացյալ Նահանգները ստիպված կլինի վերստին նվաճել միջազգային հանրության մնացյալ հատվածի վստահությունը: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջեզեֆ Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ավելի ուժեղ ենք եւ շատ ավելի արդյունավետ, երբ կանգնած ենք ազգերի կողքին, որոնք համաձայն են աշխարհի ապագայի մեր տեսլականին: Ահա թե ինչպես մենք կբազմապատկենք մեր ջանքերի վերադարձը, այն ավելի կայուն կդարձնենք: Սա է խելացի եւ արդյունավետ ամերիկյան առաջնորդությունը»,- հայտարարել է Բայդենը՝ Ուիլմինգթոնում (Դելավեր նահանգ) ելույթ ունենալով լրագրողների առջեւ:
«Հիմա, սակայն, ահռելի վակուում է առաջացել,- վստահ է ԱՄՆ նոր ղեկավարը: - Մենք ստիպված կլինենք վերստին նվաճել համաշխարհային հանրության վստահությունը, որը սկսել է միջոցներ գտնել մեզ շրջանցելով կամ առանց մեզ»:
Սրա հետ կապված Բայդենը հիշատակել է կոնկրետ Չինաստանին՝ շեշտելով, որ պատրաստվում է Պեկինին հակազդելու համար ներգրավել Վաշինգտոնի արտասահմանյան գործընկերներին եւ դաշնակիցներին: «Մենք Չինաստանի հետ մրցակցում ենք, փորձում ենք հասնել նրան, որ Չինաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկենք առեւտրի, տեխնոլոգիաների, մարդու իրավունքների եւ այլ ոլորտներում իր խախտումների համար: Մեր դիրքորոշումը շատ ավելի ուժեղ կլիներ, եթե մենք ձեւավորեինք համախոհների թվից գործընկերների եւ դաշնակիցների կոալիցիա, որոնք մեզ հետ միասին ունեն ընդհանուր գործ, ընդհանուր շահեր եւ ընդհանուր արժեքներ»,- ասել է Սպիտակ տան ապագա ղեկավարը:
«Մենք ներկայացնում ենք համաշխարհային տնտեսության շուրջ 25 տոկոսը: Սակայն ժողովրդավարական գործընկերների հետ միասին մենք ավելի քան կրկնակի մեծացնում ենք ամերիկա-չինական հարաբերությունների համար նշանակություն ունեցող ցանկացած հարցում ազդեցության մեր տնտեսական լծակը՝ սկսած միջին դասի նկատմամբ քաղաքականությունից, որը ԱՄՆ-ում պաշտպանում է աշխատողներին, մեր մտավոր զարգացումը, շրջակա միջավայրը, մինչեւ Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների տարածաշրջաններում անվտանգության ապահովումը, պաշտպանելով մարդու իրավունքները»,- կարծում է Բայդենը: