Բայդենը Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին մարդասիրական աղետ ստեղծելու համար
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մեղքով երկրի հարավային սահմանին մարդասիրական աղետ է ստեղծվել։ Նման հայտարարությամբ դեմոկրատը նախօրեին հանդես է եկել Ուիլմինգթոնում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ տեղեկատվություն է տրամադրվել մարդասիրական աղետի լուծման համար անհրաժեշտ քայլերի մասին, որը Թրամփի վարչակազմը պարբերաբար ստեղծել է մեր հարավային սահմանին»,- նշել է նա։
Դեմոկրատի խոսքով՝ Մեքսիկայի տարածքով անօրինական կերպով ԱՄՆ մուտք գործել ցանկացողների հետ պետք է «մարդասիրաբար և ըստ կանոնների» վարվել: Բայդենի կարծիքով՝ ԱՄՆ իշխանությունները պետք է «անվտանգ և արագ» դիտարկեն երկրում ապաստան փնտրող անձանց հարցումները։
Թրամփը մի շարք միջոցներ է ձեռնարկել ներգաղթի քաղաքականության խստացման և սահմանային վերահսկողության ուժեղացման ուղղությամբ։ Իր նախագահության տարիներին նա հայտարարել է անօրինական ներգաղթը դադարեցնելու, ինչպես նաև ԱՄՆ-ում փախստականների ընդունումը սահմանափակելու անհրաժեշտության մասին։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 3-ին։ Դեկտեմբերի 14-ին ընտրիչների կոլեգիան հաստատել է քվեարկության արդյունքները, որոնց համաձայն դեմոկրատ Ջո Բայդենը կդառնա պետության նոր ղեկավարը: Թրամփը չի ընդունում պարտությունը և դիմում է դատարաններին՝ մի շարք նահանգներում ձայների վերահաշվարկ անցկացնելու խնդրանքով։ Սակայն Սպիտակ տան ղեկավարի փաստաբանների գործողությունները մինչ օրս հաջողությամբ չեն պսակվել, նրանց հայցերը մերժվել են դատարանների, այդ թվում՝ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից
ԱՄՆ վարչակազմի հաջորդ ղեկավարի պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին: