Անգլիայում կորոնավիրուսի ախտորոշմամբ հոսպիտալացված վարակակիրների թիվը համավարակի ողջ ընթացքի համեմատ հասել է առավելագույնին
Անգլիայում կորոնավիրուսի ախտորոշմամբ հոսպիտալացված վարակակիրների թիվը հասել է շուրջ 20.400-ի, ինչը համավարակի սկզբից ի վեր ռեկորդային ցուցանիշ է, հաղորդում է ТАСС-ը:
Նախորդ ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր ամիսներ առաջ՝ ապրիլի 12-ին, երբ այդ ժամանակ հոսպիտալացված վարակակիրների թիվը հասել էր 18 900-ի:
«Այժմ արձանագրում ենք կորոնավիրուսով վարակման շատ բարձր մակարդակ, ինչն անհանգստություն է առաջացնում, քանի որ հիվանդանոցները գերբեռնված դառնալու վտանգի առաջ են այժմ: Երկրի մի շարք շրջաններում կորոնավիրուսով վարակվող անձանց թիվը միայն աճում է»,- նշել է Անգլիայի հանրային առողջապահության ծառայության բժշկական տնօրեն Իվոն Դոյլը:
Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 41 300-ի, իսկ վերջին շաբաթում վարակման գրանցվող դեպքերի թվի 26%-անոց աճ է գրանցվել: Միացյալ Թագավորությունում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման շուրջ 2 320 000 դեպք է գրանցվել, մահացել է ավելի քան 71 հազար վարակակիր. սա Իտալիայից հետո Եվրոպայում կորոնավիրուսից մահացության երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է: