Sputnik V- ի համադրությունը AstraZeneca- ի հետ կպաշտպանի կորոնավիրուսից երկու տարի․ Գինցբուրգ
Ռուսական Sputnik V պատվաստանյութի և բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության դեղամիջոցի համադրությունը երկու տարի պաշտպանություն կապահովի կորոնավիրուսային վարակից: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Ռոսիա -24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Հիշողության բջիջները շատ ավելի լավ կձևավորվեն նման հիբրիդային երկբաղադրիչ պատվաստանյութերի օգտագործման արդյունքում: Եվ ակնհայտորեն պատվաստանյութը կպաշտպանի պատվաստվածին ոչ թե 3-4 ամիս, այլ գոնե երկու տարի», – ասել է նա:
Ըստ նրա՝ պատվաստանյութերի համադրությունը հնարավորություն կտա նաև բարձրացնել իմունիտետի լարվածությունը, որը կառաջանա դեղամիջոցի օգտագործման արդյունքում:
Ավելի վաղ Գամալեայի անվան հետազոտական կենտրոնը, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը, «R-Pharm»- ը և AstraZeneca ընկերությունը համագործակցության հուշագիր էին ստորագրել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ոլորտում: