Արմեն Մելիքբեկյան. Ստեղծված իրավիճակը խայտառակություն է
Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Սևան» ակումբը անվստահություն է հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջել նրա հրաժարականը:
ՀՖՖ գրասենյակում մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական՝ 20-րդ տարեկան ժողովի ընթացքում Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ դա ուղորդված քայլ է աթոռակռիվ անող մարդկանց կողմից:
«Հարգարժան ժողովի պատվիրակներ, հարգելի Գործկոմի անդամներ, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներ: Այսօր՝ այս ծանր ժամանակահատվածում, իմ ուղերձը պետք է սկսեի համերաշխության և միավորման մասին խոսքերով: Ցավոք, անակնկալ իրադարձությունները, որոնք ծավալվեցին վերջին օրերին, ինձ ստիպում են այլ կտրվածքով կառուցել խոսքս: «Սևան» ֆուտբոլային ակումբը որոշել է անվստահություն հայտնել ինձ, չեմ վախենա այդ բառից՝ դեկտեմբերի 22-ին անգրագետ մի փաստաթուղթ ուղարկելով ՀՖՖ: Այդ փաստաթղթի իրավական գնահատականը կտրվի այսօր՝ համապատասխան հարցի շրջանակում, իսկ հիմա ես ցանկանում եմ խոսել այլ բանի մասին: Այն մարդիկ, ովքեր, ուղարկել են այդ փաստաթուղթը և կանգնած են դրա հետևում, թքած ունեն հայկական ֆուտբոլի վրա: Այս ժողովի ընթացքում մենք պետք է քննարկեինք ծանրագույն պայմաններում տեղ գտած մեր հաջողությունները զարգացնելու հնարավորությունները: Միասնական ուժերով մեր հավաքականի, ֆուտզալի հավաքականի կողքին կանգնելու և աջակցելու ուղիները, փոխարենը մենք ստացել ենք առանց որևէ հիմքի պահանջ, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ աթոռակռվի վառ օրինակ: Սա անարգանք է նաև ժողովի այն պատվիրակների նկատմամբ, ովքեր սերտորեն աշխատում են ՀՖՖ վարչակազմի հետ, աջակցում են մեզ, բայց վերջին օրերին զանգեր են ստանում իմ դեմ քվեարկելու խնդրանքով: Շատերը պարզապես ապշել են նման հանդգնությունից: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Ամենակարևորը, որ նրանք, ովքեր նախաձեռնել են սա, ընդհանրապես թքած ունեն հանրային կարծիքի վրա: Այսինքն՝ այն մարդկանց վրա, ովքեր հայկական ֆուտբոլի շահառու են: Լինեն դրանք երկրպագուները, ովքեր իրենց գնահատականը տվել են մեր աշխատանքին, լինեն ֆուտբոլային ընտանիքի այլ անդամներ, որոնք ժողովի կազմում չեն, թե լինի լրագրողական հանրությունը: Իրենց ընդհանրապես չեն հետաքրքրում շահառուները: Իմ գնահատմամբ, ստեղծված իրավիճակը խայտառակություն է, պետք է նաև օգտագործեմ այդ բառը: Այդ մարդիկ չեն հասկանում, որ ոչ միայն հայտնվում են ծիծաղելի իրավիճակի մեջ, և դա անում ամբողջ հայկական ֆուտբոլի հետ, այլև վնասում են հայկական ֆուտբոլի ամրապնդվող իմիջին: Այս պահին մեզ հետևում են բազմաթիվ մարդիկ, և ի՞նչ են հիմա նրանք մտածում հայկական ֆուտբոլի մասին: Ի՞նչ կմտածեն հայազգի այն ֆուտբոլիստները, որոնց հետ հիմա մենք բանակցում ենք տարբեր տարիքային հավաքականներում ընգրկելու համար: Եվ ի՞նչ կմտածի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը հիմա հետևում է և չի հասկանում՝ ինչպես պետք է անվստահություն հայտնել մի դեպքում, երբ ահռելի ծանրագույն պայմաններում իր գլխավորած հավաքականը հասել է հաջողության: Ի՞նչ կմտածեն, որ Հայաստանի հավաքականի հաջողություններից հետո ինչ-որ մեկն առանց պատճառի ՀՖՖ նախագահի հրաժարակա՞նն են պահանջում: Սա աբսուրդային իրավիճակ է: Նույնը վերաբերում է այլ ոլորտներին, որոնց մասին այսօր մանրամասնորեն կխոսենք, կներկայացվի մանրամասն հաշվետվություն և ոչ մի մութ կողմ չի մնա»,- ասաց ՀՖՖ նախագահը:
Ժողովին ներկա է նաև Վանաձորի «Լոռիի» նախագահ, ՀՖՖ գործադիր կոմիտեի նախկին անդամ Թովմաս Գրիգորյանը, որը Արմեն Մելիքբեկյանի խոսքի ընթացքում մի քանի անգամ ընդհատեց նրան:
Ժողովից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան գոյամարտում զոհվածների ու նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը:
Հիշեցնենենք, որ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ այս տարվա ժողովը հերթական է և ընտրական չէ (ժողովից հետո չի լինելու նախագահի հանդիպում կամ բրիֆինգ լրագրողների հետ), այս անգամ մեդիայի ներկայացուցիչները ներկա չեն ժողովին: