«Այս տարվա բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ զինվորներին». Մայա Աֆրիկյանը միջազգային մրցույթների դափնեկիր է դարձել
Տարին չափազանց դժվար էր բոլորի, բայց հատկապես մշակույթի ներկայացուցիչների համար։ Չնայած դրան, օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր Մայա Աֆրիկյանը կրկին պատվով ներկայացրել է Հայաստանը մի շարք միջազգային մրցույթներում։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ բոլոր մրցույթներն անցկացվել են համացանցի միջոցով։
Երգչուհին 13 միջազգային մրցույթի դափնեկիր է, որոնց մեծամասամբ մասնակցել է որպես հեղինակ-կատարող։ «Այս տարի դեկտեմբեր ամսին հեռավար կարգով մասնակցեցի 3 մրցույթի, որտեղ կրկին ունեցա հաղթանակներ։ Երկու առաջին դափնի եւ մեկ «Գրան պրի»։ Միջազգային «Սթար Ֆեստ» մրցութին իմ տեսաձայնագրությամբ ներկայացրել էի Միխայիլ Գուցերիևի խոսքերի հիման վրա գրված իմ հեղինակային «Я не люблю зимой грозу» երգը։ Ինձ նվագակցում էր փայլուն դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիանա Դարբինյանը։ Այս մրցույթում «Հեղինակային երգ» անվանակարգում արժանացա առաջին կարգի դափնեկրի դիպլոմի»,- նշում է Մայա Աֆրիկյանը՝ հավելելով, որ այս դժվարին օրերին մրցույթի մասնակցելն անգամ հոգեպես հեշտ չէր, եւ ինքն իր բոլոր հաղթանակները նվիրում է հայ զինվորներին:
«Я не люблю зимой грозу» երգի տեսաձայնագրությամբ երգչուհին նաեւ մասնակցել է իտալական «The Song» միջազգային երաշտական մրցույթին՝ այս անգամ որպես երգչուհի։ «Ակադեմիական վոկալ» անվանակարգում կրկին արժանացել է առաջին մրցանակին։ Երկու առաջին մրցանակին հաջորդել է «Գրան պրի»՝ երգչուհին «В вихре Велесова круга» մրցույթ-փառատոնին նեկայացել է տաղանդաշատ երգահան Արմինե Հարությունյանի երգով, որի բառերի հեղինակը կրկին Միխայիլ Գուցերիևն է։ Այս մրցույթում «Ակադեմիական վոկալ» անվանակարգում արժանացել «Գրան պրի» մրցանակին։
Աղբյուրը՝ News.am Stile