Իրանը նոր անուններ է ավելացրել ԻՀՊԿ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սոլեյմանիի սպանությանը ներգրավված ամերիկացիների ցանկում
Իրանի դատական իշխանությունը ամերիկացիների նոր անուններ է ներառել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) «Ալ-Քուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը ներկրավված անձանց ցանկում:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, երկրի դատական մարմինն ակտիվացնում է ջանքերը գերենալի սպանության գործում ներգրավված ամերիկացիներին պատասխանատվության ենթարկելու գործընթացում: Այս մասին հայտնել է գեներալ Սոլեյմանիի առաջին տարելիցին նվիրված միջոցառումների հարցով հատուկ հանձնաժողովի խոսնակ Հոսեյն Ամիր Աբդոլահյանը:
Նրա խոսքով՝ ԻՀՊԿ հատուկ ստորաբաժանման հրամանատարի սպանության կազմակերպման և իրականացման մեջ մեղադրվող ամերիկացիների թիվը 45-ից հասել է 48-ի:
Վերջինս հավելել է, որ Իրանը վեց երկրի հետախուզման հրաման է փոխանցել, որպեսզի ձերբակալեն այդ անձանց:
Պաշտոնյան նկատել է նաև, որ Սոլեյմանիի սպանության վրեժի ծրագիրը գտնվում է Իսլամական Հանրապետության օրակարգում:
Հիշեցնենք, որ գեներալ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի դմե իրականացված ամերիկյան ավիահարվածների հետևանքով: