ՈւԵՖԱ նախագահը քննադատել է Մադրիդի «Ռեալի» նախագահին
ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որը դարձյալ կողմ է արտահայտվել առաջատար ակումբների անփոփոխ կազմով եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը։
«Համավարակի այս ծանր պայմաններում ՈւԵՖԱ-ն կարողացել է անցկացնել 1200-ից ավելի հանդիպումներ առանց հետեւանքների։ Հույս ունենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլում կանցնի երկրպագուների ներկայությամբ։
Եվրոպայի Սուպերլիգան արդեն 30 տարի Ֆլորենտինո Պերեսի երազանքն է։ «Բարսելոնայի» նախագահի երկու գլխավոր թեկնածուները հրաժարվեցին այդ գաղափարից։ «Բավարիան», «Յուվենտուսը», անգլիական ակումբներ եւս դեմ հանդես եկան Սուպերլիգային։ Պերեսը չի մտածում ապագայի մասին։ Չեմպիոնների լիգայի ձեւաչափն անփոփոխ կլինի մինչեւ 2024 թվականը։ Մրցաշարի հեռարձակման իրավունքն արդեն վաճառված է։
ՈւԵՖԱ-ն հանգստյան օրերին ակումբային հանդիպումներ չի անցկացնում, որպեսզի պահպանի ազգային լիգաների արժեքը։ Բայց մենք ցանկանում ենք ստեղծել ավելի հետաքրքիր համակարգ, որը կներառի ամեն ինչ։ Չեմպիոնների լիգայում խաղալու երազանքը կմնա առանձնահատուկ»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Marca-ն։
Այս տարվա հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի առաջատար ակումբները ՖԻՖԱ-ի աջակցությամբ մոտ են եվրոպական փակ լիգա ստեղծելու գաղափարի իրագործմանը։ Մրցաշարը պետք է լինի անփոփոխ կազմով՝ 16-18 ակումբ։ Նոր մրցաշարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է մոտ 6 միլիարդ դոլար։ Յուրաքանչյուր թիմ միայն մասնակցության համար կստանա 100 միլիոն դոլար։ Հնարավոր ներդրողներից է JP Morgan բանկը։