Դնեպրում տեղադրվել է դիրիժոր Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե մինի-քանդակը
Դնեպրում դիրիժոր Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե մինի-քանդակ է տեղադրվել։
Ինչպես հաղորդում AnalitikaUA.net-ը, քանդակը տեղադրվել է Լեոնիդ Կոգանի անվան Դնեպրոպետրովսկի մարզային ֆիլհարմոնիայի մոտ։ Գուրգեն Կարապետյանը նրա սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարել է 1967 թվականից։
Քաղաքապետարանից հայտնել են, որ մինի-քանդակը պատրաստվել է 10 օր։ Պատկերված են դիրիժորի ձեռքերն ու նոտաները։ Նախագծի հեղինակ Գառնիկ Խաչատրյանը բացատրել է, որ ձեռքերն ամեն ինչի խորհրդանիշ են. «Այսինքն` այն, ինչ կատարվում է կյանքում, ինչ-որ մեկի ձեռքի գործն է: Դիրիժորի ձեռքերն էլ մի ամբողջ նվագախումբ են ղեկավարել»,- նշել է քանդակագործը:
Քանդակի բացման արարողությանը ներկա է եղել Գուրգեն Կարապետյանի թոռը` Ստանիսլավ Կարապետյանը, որն իր խոսքում նշել է՝ ինքն ընդամենը 5 տարեկան է եղել, երբ պապիկը կյանքից հեռացել է: