Սերգեյ Բոնդարենկո. Արկադի Անդրեասյանը պարզապես վիրտուոզ էր
Արկադի Անդրեասյանի կողքին խաղալով՝ ես հիանում էի նրանով: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն, որը դկետեմբերի 25-ին մասնակցել էր լեգենդար ֆուտբոլիստի հոգեհանգստի արարողությանը։
«Ֆուտբոլից դուրս Արկադի Անդրեասյանը շատ հավաքված ու ընկերասեր մարդ էր: Նա շատ ճշտախոս էր, և միշտ ասում էր այն ամենը, ինչ մտածում էր: Նա շատ լավ որակներով հոյակապ մարդ էր: Հիմա ինձ մոտ ծանր պահ է, քանի որ կորցրեցինք հոյակապ ընկերոջ: Արկադի Անդրեասյան լեգենդար ֆուտբոլիստի մասին ոչ թե պետք է խոսել, այլ պարզապես պետք էր տեսնել նրան դաշտում: Նրա խաղը կարելի է բացատրել միայն տեսնելով: Նա մեծություն էր: Նրա կողքին խաղալով՝ ես հիանում էի նրանով: Կարծում եմ՝ դա ամեն բան ասում է, երբ նրա թիմակիցն է այդպիսի բան նշում: Բազմաթիվ մարդիկ էին սիրում նրան: Նա պարզապես վիրտուոզ էր, և իր կյանքը չէր պատկերացնում առանց ֆուտբոլի: Խորին ցավակցություններս եմ հայտնում նրա ընտանիքին՝ տիկնոջը, որդուն, քրոջը: Մենք կորցրեցինք վերին աստիճանի լավ ֆուտբոլիստի ու մարդու»,- ասաց Սերգեյ Բոնդարենկոն:
Հիշեցնենք, որ Երևանի «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպանը դեկտեմբերի 24-ին մահացել էր 73 տարեկանում:
2019-ի ամառվանից Արկադի Անդրեասյանն աշխատում էր Երևանի «Ուրարտու» ակումբում, որտեղ նախ զբաղեցնում էր զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը, անյուհետև ակումբի գլխավոր տնօրենի խորհրդականն էր։
Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երեւանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը 1979-ից սկսել է մարզչական կարիերա: Նա տարբեր տարիների գլխավորել է «Արարատը», որը նրա գլխավորությամբ դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000): «Արարատի» կազմում նա անցկացրել է 242 հանդիպում և դարձել 62 գոլի հեղինակ: Արկադի Անդրեասյանը 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։
Արկադի Անդրեասյանն ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչի կոչումներ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջինին աստիճանի մեդալակիր է: