Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի վարակիչ տարատեսակով վարակման առաջին դեպքը
Ֆրանսիան հաստատել է երկրում կորոնավիրուսի ավելի վարակիչ տարատեսակով վարակման առաջին դեպքը, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, փոխանցում է BBC-ն:
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նոր շտամի կրողը Տուրից ժամանած Ֆրանսիայի մի քաղաքացի է, ով Լոնդոնից հայրենիք էր վերադարձել դեկտեմբերի 19-ին:
Գերատեսչությունում հայտնել են նաեւ, որ նշված անձի մոտ հիվանդությունն ասիմպտոմատիկ է, նա ներկայումս մեկուսացված է տանը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատել էին երկրում կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ շտամի հայտնաբերումը: Դրանից հետո տասնյակ երկրներ փակել էին իրենց սահմանները Մեծ Բրիտանիայի հետ: Ֆրանսիան եւս փակել էր իր սահմանը, սակայն չորեքշաբթի վերացրել էր արգելքը` թույլ տալով, որպեսզի թեստի բացասական արդյունքներով մարդիկ ուղեւորություններ իրականացնեն:
Կորոնավիրուսի «բրիտանական» շտամն անցյալ շաբաթ հայտնաբերվել էր նաեւ մի շարք այլ երկրներում: