Պետք է ինչ-որ լույս տեսնել գոնե հեռավոր ապագայում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Իմ գիտակից ողջ տարիքում, վաղ մանկությունից սկսած, այս օրերին մի տեսակ ոգևորություն էի զգում' շուտով Նոր տարի է, կլինեն նվերներ, կհանդիպեմ ընկերներիս, բարեկամներիս, դպրոց [բուհ, աշխատանք] չի լինի, հանգիստ կտրվեմ իմ գրքերին: Այդպես էր ամեն տարի: Այդպես էի դիմավորում նաև 2020 թվականը: Առաջին անգամն է, որ իմ սրտում չկա ոգևորության և ուրախության ոչ մի նշույլ: Կա դառնություն, հիասթափություն և զայրույթ:
Չգիտեմ, կիսո՞ւմ են, արդյոք, իմ սերնդակիցներն այս զգացողությունը, բայց ինձ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո թվում է, թե իմ կյանքի վերջին 30 տարին իզուր եմ ապրել. այն, ինչին ես հավատում էի, տապալվեց, փլուզվեց, փոշի դարձավ: Ինձ թվում է' Արցախը և հայկական պետությունը ազատ անկման մեջ են, և ես առայժմ շեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր այդ անկումը կանգնեցնել: Հասկանում եմ, որ իմ զգացողությունները շատերը չեն կիսում, մանավանդ երիտասարդները: Նրանց համար ավելի էական է «Սերժին մերժելը», իսկ հեղափոխական ճղճղան ճառերը և սին խոստումներն առայժմ հնչում են նրանց ականջներում, ու նրանք դեռևս առաջնորդվում են այդ՝ վաղուց արդեն իրեն սպառած օրակարգով: Դե, եթե նրանք շարունակում են հրճվել հեղափոխության «նվաճումներով» և ցավ չեն ապրում Արցախի և հայկական պետության կորստից, ուրեմն՝ թող ուրախությամբ նշեն Նոր տարին: Հաճելի ժամա՜նց:
Իսկ ես, անկեղծ ասած, չեմ կարողանում իմ մեջ հաղթահարել դառնությունը, չարությունը: Ես դառնացած եմ մեր պետության կրած խայտառակ պարտությունից: Բայց ինձ զայրացնում է նաև այն, որ պաշտոնական քարոզչությունը դա պարտություն չի համարում: Զայրացնում է, որ այդ խայտառակության գլխավոր մեղավորը՝ երկրի վարչապետը, ոչ միայն չի հեռացել իր պաշտոնից և քաղաքականությունից, այլև շարունակում է գրեթե ամենօրյա ռեժիմով խրոխտ ճառեր արտասանել, ինչ-որ «կրուտիտներով» մեղքը գցել «նախկինների» վրա և դարձյալ խոստանալ «պայծառ ապագա»:
Ինձ զայրացնում և ապշեցնում է, որ կան հազարավոր մարդիկ, որոնք այդ «ֆռիկներին» հավատում են ու չեն հասկանում այն աղետի մասշտաբները, որ մեզ հետ պատահել է: Ես խորապես վիրավորված եմ, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել մի թիմ, որը պետություն ղեկավարելու ոչ մի որակ չունի՝ անկախ այն հանգամանքից, որ Պուտինի և Ալիևի համար Հայաստանի ներկայիս վարչապետն առայժմ ձեռնտու է: Բայց չարությունն ու զայրույթը լավ զգացմունքներ չեն: Պետք է ինչ-որ լույս տեսնել գոնե հեռավոր ապագայում՝ այն ապագայում, որն իմ սերունդը դժվար թե տեսնի: Գուցե Ամանորի և Սուրբ ծննդի արձակուրդն օգնի մեզ այդ լույսը տեսնելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: